«ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ Արմենպրես Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Կինոփառատոնն անց է կացվելու հունիսի 20-ից 29-ը: Փառատոնի գլխավոր եւ կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են: Մրցույթը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի «World War Z» ֆիլմով, որի գլխավոր դերակատարը Բրեդ Փիթն է: «Փասիանի որսորդը» Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, սեղմ ժամկետներում եւ սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմն աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: 2013թ. ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում: |