ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏ Է ԸՆԿԱԼՈՒՄ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Որոնք, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ Երեկ Երեւանում տեղի ունեցած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովում ելույթ ունենալովՙ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարության ծրագիրը կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում եւ սկսվում են իրականացվել: Խոսելով բաց կառավարման սկզբունքների մասինՙ վարչապետը համոզմունք հայտնեց, որ չի կարող ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Դրա համար, երբ իշխանությունը կիրառում է իր ունեցած պարտադրանքի գործիքը, հասարակությունը պետք է վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ իշխանական լծակներըՙ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը եւ տիրապետումը նույնպես պետք է լինեն արդարացի, «ինչը եւս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ»: Վարչապետի համոզմամբՙ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի եւ դրան հասնելու ճանապարհը կառավարության գործունեության թափանցիկությունն է բոլոր մակարդակներում: Միաժամանակ, հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանելու ճիշտը ստից, որպեսզի զարգացման ծրագրերը հասնեն իրենց նպատակներին: Սակայն, Տիգրան Սարգսյանի խոսքով, հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները, եւ այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ, եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանելու առաջ: Այս առումով վարչապետը կարեւորեց պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքը, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով կարելի է հետեւել, թե ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել: «Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին եւ կասկած հայտնելՙ արդյոք այս գործարքն արդարացվա՞ծ էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են եւ այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաեւ գիտելիքներ եւ հնարավորությունՙ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի», ասաց վարչապետը: Նա նաեւ կարեւորեց պատասխանատվությունը ոչ ստույգ տեղեկատվության դեպքում, նշելով, որ պետք է լինել հետեւողական, պատասխանատվության կանչել այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: «Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռեւս պատրաստ չենք, որովհետեւ, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ եւ հասկանալի ձգտումՙ հասնելու ճշմարտությանը», ասաց վարչապետը: Չի բացառվում Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում նշեց, որ Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում, եւ իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը եւ տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրելու, լինելու առավել բարեկեցիկ, անվտանգ եւ խաղաղ: «Բաց կառավարման գործընկերության» գործողությունների ծրագրով առաջընթացը կարեւոր է Հայաստանի համար, ինչն, ըստ դեսպանի, կօգնի, որ Հայաստանը բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից»: Ջոն Հեֆերնը հիշեցրեց, որ Հայաստանը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրի շահառու, եւ այս աշխատանքը կարող է օգնել, որ մեր երկիրը նորից մասնակցի կորպորացիայի ծրագրերին: |