RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1222, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԱԴՐԲԵՋԱՆ. ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հունիսի 7-ին Բաքվում ձեւավորվել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» անվանված ընդդիմադիր հասարակական-քաղաքական դաշինք: Կառույցի նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, գործադիր մարմնի ղեկավար` Էլդար Նամազովը: Վերջինս ժամանակին Հեյդար Ալիեւի աշխատակազմում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է` գտնվելով Մոսկվայում:

Դա առիթ էր հանդիսացել, որ պաշտոնական քարոզչությունը նրան համարի «Կրեմլի քաղաքական նախագիծ»: Իշխող վարչախումբը քննադատության թիրախ է դարձրել նաեւ նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովին, որ մշտապես բնակվում է Ռուսաստանի մայրաքաղաքում եւ վերջերս ընտրվել է ՌԴ ադրբեջանական համայնքի ղեկավար: «Մի փորձեք խեղաթյուրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- պատասխան հայտարարության մեջ ասել է Աբասովը եւ նկատել տվել, որ «նախագահի ընտրությունն Ադրբեջանի ներքին գործն է, եւ ոչ ոք միջամտելու ցանկություն չունի»:

Չնայած դրան, Բաքվում տեղեկատվական արշավ է սկսվել նախկին փոխվարչապետի որդու` իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր Այդըն Աբասովի դեմ, եւ վերջինս երեկ պարտադրված է եղել ասել, որ իր հայրն ու ինքը «հավատարիմ են Հեյդար Ալիեւի քաղաքական գծին, որ հաջողությամբ շարունակում է զարգացնել Իլհամ Ալիեւը»:

Այդուհանդերձ, Ռուստամ Իբրահիմբեկովի եւ Աբաս Աբասովի դեմ կրքերը չեն հանդարտվում: Վերջին տեղեկություններով` Ռուստամ Իբրահիմբեկովը կարող է դառնալ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու: ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլին մասնավորապես հայտարարել է, որ իրենք «պատրաստ են մոռանալ անցյալը` հանուն ապագայի»:

Հետաքրքրական է, որ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հիմնադիր փաստաթղթում ընդգծված է «երկամյա անցումային շրջանի» գաղափարը:

Ըստ այդմ, ընտրություններում հաղթելու դեպքում ընդդիմադիր թեկնածուն պարտավորված կլինի երկու տարում անցկացնել նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, ապա հրաժեշտ կտա քաղաքականությանը: Ռուստամ Իբրահիմբեկովն այս իմաստով վկայակոչել է Ռոզա Օթունբաեւայի նախադեպը, երբ վերջինս գլխավորել է Ղրղըզստանի անցումային կառավարությունը:

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, որ Ռուստամ Իբրահիմբեկովն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում եւ «հանդիպումներ է ունենում պետական դեպարտամենտում եւ Կոնգրեսում»: Վաշինգտոնում Իբրահիմբեկովը «փակ քննարկումներ է ունեցել» Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի հետ: Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության հավանական թեկնածու համարվող Իբրահիմբեկովը Բաքու «կվերադառնա հունիսի 20-ից հետո»:

Ըստ երեւույթին, իշխող վարչախմբին հատկապես նյարդայնացրել է Վաշինգտոնում Իբրահիմբեկովի հանդիպումների մասին տեղեկատվությունը: Չէ՞ որ դրանով կոտրվում է պաշտոնական քարոզչությամբ հասարակությանը ներշնչված կարծրատիպը, որ «Իբրահիմբեկովն Ադրբեջանի հետ լարված հարաբերություններ ունեցող Կրեմլի քաղաքական նախագիծն է, մինչդեռ Իլհամ Ալիեւը վայելում է գերտերություն ԱՄՆ-ի կատարյալ աջակցությունը»:

Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը երեկ սենսացիոն հայտարարություն է արել. «Ես դժվարանում եմ պատասխանել` Ադրբեջան վերադառնալու դեպքում կձերբակալվի՞ Ռուստամ Իբրահիմբեկովը: Իրավապահ մարմինների գործն է, թե ինչպես կվերաբերվեն այդ հարցին իրավական հարթությունում» (տես http://news.day.az/politics/408409.html/):

Ասվածի տպավորությունը «մեղմելու համար», իհարկե, Ահմեդովը վերստին շրջանառել է իշխանությունների ավանդական տեսակետը, թե «մի քանի ընդդիմադիր կուսակցություններից զատ Ադրբեջանում ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչով կզբաղվի Ռուստամ Իբրահիմբեկովը», սակայն դա նման է «կռվից հետո բռունցքներ ճոճելուն»: Փաստն այն է, որ իլհամալիեւյան վարչախումբն արդեն իսկ «իրավական հարթությունում» հնարավոր է տեսնում Ռուստամ Իբրահիմբեկովի ձերբակալությունը, եթե վերջինս հայտնվի Բաքվում:

Կյանքի 8-րդ տասնամյակը թեւակոխած մարդու` Ռուստամ Իբրահիմբեկովի, համար, ըստ երեւույթին, Ալի Ահմեդովի ասածը նաեւ լուրջ սպառնալիք է: Չի բացառված, որ այդ կերպ վարչախումբը հայտնի կինոռեժիսորին «բարեկամաբար խորհուրդ է տալիս չենթարկվել փորձությունների»: Ժամանակին նման սպառնալիքի է ենթարկվել նաեւ Ռասուլ Գուլիեւը, երբ Բաքվի օդանավակայանում չարտերային ինքնաթիռով վայրէջք կատարելու փորձ էր արել 2008թ. նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրվելու հայտարարություն անելու մտադրությամբ:

«Ես կարծում եմ, որ Ազգային խորհրդին նրա նշանակությունից վեր ուշադրություն է դարձվում»,- ասել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը եւ ավելացրել, որ «Ադրբեջանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը, այդպիսին է իրականությունը»:

Գուցե իրոք այդպես է, վիճել չարժե: Միայն թե էլ ինչո՞ւ է իշխող վարչախումբը ջղաձգվում Ռուստամ Իբրահիմբեկովի յուրաքանչյուր խոսքից: Ինչո՞ւ է Ալի Ահմեդովը հրապարակայնորեն ուղղորդում իրավապահ մարմիններին եւ միջնորդավորված սպառնում ընդդիմության կողմից նախագահի հավանական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին: Չէ՞ որ «Ենի Ազարբայջան»-ի համագումարում Իլհամ Ալիեւը վստահաբար հայտարարել է. «Մենք մրցակիցներ չունենք»: Անմրցակից թեկնածուին ինչո՞ւ պիտի անհանգստացնի «մի ինչ-որ կինոռեժիսոր» Ռուստամ Իբրահիմբեկով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ