ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄՙ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ Հ. ՉԱՔՐՅԱՆ Այդ մասին տեղեկացրել էր «Դունիա բուլթենի» կայքէջը: Արտասահմանյան հանրահավաքներից առաջին երկուսըՙ ի պաշտպանություն Թուրքիայի վարչապետ Էրդողանի, կազմակերպվել է երեկ Մակեդոնիայում եւ Բոսնիա-Հերցեգովինայում: Մասնակիցները հանդես են եկել «Պինդ կաց, մի ընկրկիր, Բալկանները քեզ հետ են» կարգախոսով: Այսօր նախատեսվում է նոր հանրահավաքների կազմակերպումը ԱՄՆ-ում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Եմենում եւ Գազայում: Ամերիկյանը կանցկացվի «Վերջ քաոսին» կարգախոսով: Արտասահմանյան հանրահավաքները որքանո՞վ կնպաստեն Թուրքիայում Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգու ցույցերով խաթարված կարգուկանոնի վերականգնմանը, դժվար է ասել: Բայց որ հանրահավաքների է պատրաստվում վարչապետ Էրդողանը, եւ դրանք յուրահատուկ մարտահրավեր են լինելու ինչպես ցուցարարներին, այնպես էլ վերջիններիս քաջալերող արեւմտյան երկրներին ու կառույցներին, ակնհայտ է: Էրդողանի նախաձեռնած հանրահավաքներից առաջինն այսօր կհրավիրվի Անկարայում: Ենթադրվում է, որ դրան կմասնակցի շուրջ մեկ միլիոն մարդ: Երկրորդը կիրակի օրը կկազմակերպվի Ստամբուլում, իսկ երրորդըՙ չորեքշաբթի Իզմիրում: Այս հանրահավաքները ցուցարարների պարագայում կստանան սաստելու բնույթ, իսկ ցուցարարներին անվերապահ աջակցող արեւմտյան երկրների համար կհանդիսանան Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ժողովրդականության վկայություն: Հիրավի, եթե վարչապետ Էրդողանը հրաժարական տա եւ երկրում նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը վերստին իշխանության կգա երկրում նորից միանձնյա: Այս իրողությունը գիտակցում են «համաժողովրդական դիմադրություն» կոչված ցույցների կազմակերպիչները, որ կառավարության ամեն մի առաջարկին հակադրվելիս մերժում են նաեւ վաղաժամկետ ընտրությունների գաղափարը, պատճառաբանելով, թե Էրդողանի կուսակցությունը նորից կհաղթի: Այլ կերպՙ նրանք ոչ թե որեւէ պահանջ ունեն կառավարությունից, այլ չեն հանդուրժում Էրդողանի իսլամամետ կուսակցության իշխանությունը երկրում: Քանի որ մեծ է այդ կուսակցության ժողովրդականությունը, ուստի անկարգությունները գերադասում են ընտրություններից, որ փաստի առջեւ կանգնեցնեն Էրդողանի կառավարությանը: Բայցՙ ապարդյուն: Վարչապետ Էրդողանը մարտականորեն է տրամադրված ոչ միայն ցուցարարների, այլեւ եվրոպական կառույցների նկատմամբ: Դրա վկայությունը Թուրքիայի վարչապետի նախորդ օրվա ելույթն էր: Նա, նկատի ունենալով Եվրոխորհրդարանի հունիսի 12-ի որոշումը, որտեղ ցուցարարների դեմ ուժի անհամաչափ գործադրման մեղադրանքով դատապարտվել է թուրքական կառավարությունը, ասաց. «Այդ որոշումն անընդունելի է ինձ համար: Նրանք քանի՞ գլխանի են, որ դատապարտեն մեր կառավարությանը: Սա ի՞նչ ամբարտավանություն է: Մի՞թե չգիտեն, որ Թուրքիան Եվրոմիության անդամ չէ, այլՙ անդամակցության բանակցություններ վարող երկիր»: Նրա օրինակին հետեւել էր արտգործնախարար Դավութօղլուն, իսկ ԵՄ-ի գծով պետնախարար Բաղըշը հայտարարել. «Իրավունքի տարատեսակ է նաեւ զառանցանքի ազատությունը: Թող զառանցեն»: |