RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Խոնարհում

Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1830, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 82

1915 Թ. ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՎԱԾ ՀՆՉԱԿՅԱՆ 20 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ, ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր

XIX դարի երկրորդ կեսին երկարդարյա ընդարմացումից հետո սկսված հայոց վերազարթոնքը, որը Բեռլինի վեհաժողովում բանաձեւվեց որպես Հայկական հարց, վճռական փուլ թեւակոխեց այդ նույն Բեռլինից հիասթափված եւ «երկաթե շերեփի» եզրույթը որդեգրած ժողովրդի ճակատագրով հետաքրքրված բոլոր շերտերի ու խավերի շրջանում: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն աստիճանաբար հանգեց կազմակերպական բարձրագույն ձեւինՙ կուսակցություններ ստեղծելու գաղափարին: 1885 թ. Վան-Վասպուրականում ծնվեց Արմենականը, որն առաջինին հատուկ թուլությունն ուներ, կազմված էր բացառապես տեղացիներից, հետեւաբարՙ խիստ զգուշավոր էր, ինչի արդյունքում էլ համազգային ընդգրկումներ չունեցավ:

1887 թ. քաղաքական ասպարեզ իջավ հայ իրականության մեջ առաջին համազգային մասշտաբի եւ համամարդկային գաղափարախոսություններից տվյալ ժամանակում ամենաառաջադիմականի կրող ու քարոզիչ Հնչակյան կուսակցությունը: Մի ուժ, որն իր բերած գաղափարների թարմությամբ, կազմակերպական մակարդակով ու հախուռն, թափառատ, վճռական եւ հանդուգն գործելակերպով շատ արագ տարածվեց աշխարհի հայաշատ վայրերում, Օսմանյան կայսրությունում ու, իհարկե, նաեւ Արեւմտյան Հայաստանում:

Հնչակյան կուսակցության բազմադրվագ ամբողջական պատմության ներկայացումը մեր խնդիրը չէ այսօր: Ուղղակի նշենք, որ ինչպես մեր ավանդական մյուս բոլոր կուսակցությունների, այնպես էլ ՍԴ Հնչակյանի պատմությունը` հերոսական լինելով հանդերձ, բազմաշերտ է ու բազմաբովանդակ: Սակայն բոլոր դեպքերում եւ բոլոր ժամանակներում այն ունեցել է մեկ հիմնական բովանդակությունՙ հայ ժողովրդի ազատության ու մարդավայել ապրելու իրավունքի նվաճումը: Այս պատճառով էլ կուսակցության պատմության ցանկացած փուլ պիտի դիտարկել նախ եւ առաջ այս տեսանկյունից: Չմոռանալով երբեք, որ իր տարբեր գաղափարախոսական դրսեւորումներով հանդերձ, այդ պայքարը սերտորեն շաղկապված է Հայոց ցեղասպանությանը եւ, անկախ տարբեր անհիմն որակումներից, ՍԴՀԿ-ն էլ մյուս բոլորի նման, ինքն էլ դարձավ այդ մարդկային մեծագույն ոճիրի զոհը:

XIX դարի վերջերին եւ XX դարի սկզբներին կապիտալիստական հարաբերությունների բուռն զարգացման շրջապտույտում հայտնված գերհզոր տերություններն իրենց արբանյակներով տենդագին նախապատրաստվում էին աշխարհը վերաբաժանելու: Բոլորի համար հստակ էր, որ մեծ ու աննախադեպ, աշխարհակործան պատերազմ էր լինելու: Բոլորն էլ պատրաստվում էին այդ արհավիրքին ինչ-որ կերպ դիմակայելու, քչազոհ դրանից դուրս գալու համար: Անխուսափելի դարձած պատերազմն իր յուրակերպությամբ ընկալվում էր նաեւ հայոց մեջ:

Թուրքիայում իշխող երիտթուրքական կուսակցությունը պատերազմի նախաշեմին վերջ տվեց հայամետ սիրախաղերն ու, արդեն 1913 թ., փաստորեն, խզել էր հարաբերությունները ՀՅԴ-ի, ՀՍՌԿ-ի, ՍԴՀԿ-Ի հետ: Ստեղծված քաղաքական բարդ իրադրությում ճիշտ կողմնորոշվելու եւ կուսակցության ծրագրային դրույթները նոր պայմաններին համապատասխան հստակեցնելու համար 1913 թ. սեպտեմբերի 7-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքում գումարվեց կուսակցության 7-րդ համագումարը, որին մասնակցում էին 59 պատգամավորներՙ հետեւյալ համամասնությամբՙ Թուրքիայի 64 մասնաճյուղերից ժողովին ներկա էին 17, ԱՄՆ-ի 30-իցՙ 30, Ռումինիայի 3-իցՙ 5, Բուլղարիայի 4-իցՙ 4, Կովկասի 4-իցՙ 1 եւ Եգիպտոսից ու Իրանիցՙ մեկական պատգամավոր: Այսինքնՙ ժողովն ըստ էության կուսակցության ամբողջական պատկերը չէր ներկայացնում, քանի որ այնտեղ Երկրից 64-ի փոխարեն ներկա էին ընդամենը 17 պատգամավորներ, որոնց սթափեցնող ձայնն, ըստ էության, անլսելի մնաց պատգամավորականում:

Այլ կարեւոր որոշումների (անցնել անլեգալ գործունեության, հաշվի առնելով հասունացող ճգնաժամային իրավիճակըՙ առաջնահերթություն տալ ինքնապաշտպանությանը եւ այլն) հետ միասին կուսակցության համագումարն ընդունել էր նաեւ մի գաղտնի որոշում Իթթիհադի պարագլուխներ Թալեաթին, Էնվերին եւ մի շարք այլ ղեկավարների ֆիզիկապես ոչնչացնելու մասին: Որոշում, որն անընդունելի էր, հատկապես կուսակցության Կ. Պոլսի հնչակյանների խմբի կողմից: Դրան դեմ էին Մուրատը, Վանի հնչակյանները, մասնավորապես Արտաշես Սոլաքյանը եւ ուրիշ շատ գործիչներ: Սակայն 7-րդ պատգամավորականում կուսակցության կենտրոնական վարչության անդամներ ընտրված Սապահ-Գյուլյանի, Վարազդատի եւ Փարամազի ղեկավարությամբ ընդունված այդ կամայական որոշումը դրվեց կատարման գործընթացի մեջ:

Սապահ-Գյուլյանը Եգիպտոսում վարձում է ահաբեկիչների եւ ուղարկում Կ. Պոլիս: Սակայն այս ձեռնարկն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Եգիպտոսի մասնաճյուղից Կոստանցայի ժողովի պատգամավոր ընտրված Արթուր Եսայանը (իսկական անունըՙ Արշավիր Սահակյան) այդ մասին մատնել էր թուրքական համապատասխան ծառայություններին: 1913 թ. աշնանը հնչակյանները գաղտնի հարաբերությունների մեջ մտան հակաիթթիհադական դիրքերի վրա կանգնած ալբանացիների հետ, որոնց ղեկավարում էր բժիշկ Իբրահիմ Թեմոն: Նրանց հարաբերությունները հանգեցրին նրան, որ երկու կողմերը համաձայնեցին միասնաբար պայքարել իթթիհադականների դեմ: Սակայն Եսայանի մատնության հետեւանքով Թալեաթի ենթադրյալ ահաբեկիչները Կ. Պոլսում կալանավորվեցին, որից հետո սկսվեցին հնչակյանների զանգվածային ձերբակալությունները:

Նույն օրըՙ 1914 թ. հուլիսի 16-ին Կ. Պոլսում ձերբակալվում են մահափորձի գործողության ղեկավար Փարամազը, Մուրատը, Արծրունին, դոկտոր Պեննեն, Հմ. Արամյանցը, Հ Ճանկյուլյանը եւ ուրիշներՙ շուրջ 120 մարդ: Թալեաթի հրամանով, հարցաքննվելուց հետո, ազատ արձակվեցին Մուրատն ու դոկտոր Ջելալը, Ճանկյուլյանն ու Արամյանցը եւ էլի մի քանի հոգի: Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների մեծ մասը կաշառքի, ազդեցիկ միջնորդությունների եւ այլ միջոցների շնորհիվ ազատ արձակվեց, իսկ ոմանք էլ անմեղ ճանաչվեցին: 28 հոգու գործերի հետաքննությունը հանձնվեց ռազմական դատարան: Դատավարությունն սկսվեց 1915 թ. ապրիլի 28-ին: Ձերբակալվածները մեղադրվում էին Հայաստանի ինքնավարություն պահանջելու եւ Թալեաթի դեմ մահափորձի կազմակերպման համար:

Հնչակյանների դատավարությունն ավարտվեց 1915 թ. մայիսի 14-ին: Թուրքիայի ռազմական դատարանի վճռով 22 հոգի դատապարտվում են մահվան, որոնցից երկուսի նկատմամբ վճիռն արձակվեց հեռակա կարգով, քանի որ նրանքՙ Սապահ-Գյուլյանն ու Վարազդատը գտնվում էին արտասահմանում:

Հեռակա մահվան դատավճիռ էր կայացվել նաեւ Պողոս Նուբար փաշայի նկատմամբ, քանի որ նա էր պայքարում Անկախ Հայաստանի ստեղծման համար:

Մահապատիժն ի կատար ածվեց 1915 թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազեդի հրապարակում հնչակյան 20 գործիչների նկատմամբ; Կախաղան բարձրացվեցին Փարամազը, Հակոբ Գազազյանը, Պետրոս Թորոսյանը (դոկտոր Պեննե), Ռուբեն Կարապետյանը (Վահան Պոյաճյան), Մինաս Քեշիշյանը, Սմբատ Գըլըճյանը, Աբրահամ Մուրադյանը, Արամ Աչըգպաշյանը, Գուրգեն Պողոսյանը, Հրանտ Եկավյանը, Պողոս Պողոսյանը, Հակոբ Պասմաճյանը, Վահան Թովմասյանը, Երեմիա Մանանյանը, Մկրտիչ Երիցյանը, Գեղամ Վանիկյանը, Երվանդ Թոփուզյանը, Հովհաննես Եղիազարյանը, Գառնիկ Պոյաճյանը, Արմենակ Համբարձումյանը:

Ներկաների վկայությամբ, դատապարտվածների մեծ մասը համարձակ ու անվեհեր էին դիմավորել մահը: Պեննեն բղավել է. «Մեզ, քսանս կկախեք, բայց քսան հազարներ պիտի հետեւին մեզի», Փարամազն էլ հայտարարել` «Դուք մեր մարմինը կրնաք սպանել, բայց մեր գաղափարըՙ ոչ»:

Անկասկած, կատարվածը եղեռնագործություն էր, ցեղասպանության ծիրում տեղավորված, եւ ոչ մի արդարացում չունի: Իսկ այսօրՙ պատմական հեռվից հարկավոր է խիստ զգույշ լինել, տեր կանգնել մեր անմեղ զոհերի պահանջատիրությանը եւ թույլ չտալ, որ հանկարծ այն որեւէ կերպ ձեւախեղվի: Դրա համար հարկավոր է նկատի ունենալ.

Հնչակյան կուսակցության ցանկացած ձեռնարկ եւ հատկապես 20-ի գործով բոլորի պայքարը չի կարելի թույլ տալ, որ ներկայացվեն որպես սոցիալական, առավել եւսՙ դասակարգային պայքարի դրսեւորում, որպիսի միտում երբեմն նկատվում է մերօրյա Թուրքիայում: Հարկավոր է մեկընդմիշտ գիտակցել, որ մեզՙ հայերիս համար, առաջնայինը ազգային խնդիրն էր, հայի ապրելու, քաղաքակիրթ վիճակում ապրելու իրավունքը, իսկ մնացած հարցերը երկրորդվում էին ազգայինին եւ, ընդամենը, դրան հասնելու միջոցների ընտրության հարցն էր տարբեր:

Հարկավոր է մեկընդմիշտ ըմբռնել ու բոլորին պարզաբանել, որ «20-ի գործն» ընդամենը Հայոց ցեղասպանության օրենսդրական, դատավարական ֆարս գործընթացի ձեւով դրսեւորումներից մեկն էր: Յուրաքանչյուր ոք, ով կանդրադառնա այս խնդիրներին, պետք է այս «Գործը» դիտարկի ցեղասպանության ծիրում ու որպես նրա անքակտելի մի մասը: Հետեւապես, որպես Մեծ եղեռնի մի դրվագ, այն շարունակաբար պիտի լուսաբանվի եւ, նկատի ունենալով ցեղասպանության 100-ամյա մոտալուտ տարելիցը, ավելի զգուշավոր, պատճառաբանված, իրատեսական, փաստառատ դրույթներով ու մոտեցումներով, որպեսզի, մեծ ցանկության դեպքում նույնիսկ, հակառակորդին խուսանավելու, պատասխանատվությունից խուսափելու որեւէ հնարավորություն չթողնվի:

Ի դեպ, օդի նման անհրաժեշտ է, որ այսօր, ցեղասպանության խնդիրը քննարկելիս հաշվի առնվեն, հատկապես, բոլոր այն հետեւանքները, որոնք մեզ որպես ժառանգություն մնացին հենց ցեղասպանության հետեւանքով: Կորսվեց մի ողջ սերունդ, որի զավակներն ու թոռները կենդանի մնացածների հետ միասին պիտի պայքարեին, պահանջատեր լինեին, այդպես էլ լույս աշխարհ չեկավ: Սովորաբար շրջանառվում է մեկուկես միլիոն կորուստի թիվը: Բայց եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր 25 տարին մեկ սերնդափոխություն է լինում, ապա ամենասեղմ հաշվումներով նույնիսկՙ որպես ցեղասպանության հետեւանք այսօր մենք ունենք առնվազն 7-8 մլն չծնված հայություն:

Իսկ ինչ վերաբերում է նյութական կորուստներին, որոնք Պողոս Նուբարի հապճեպ հաշվումներով 19,2 մլրդ էին, ապա, մեր խորին համոզմամբ, պիտի հաշվառենք նաեւ հետեւանքները: Այս հարցն էլ բաց է մնացել ցայսօր: Չմանրամասնելով նշենք, որ ամենազուսպ հաշվումներով դրանք կազմում են շուրջ 50 մլրդ:

Անչափ կարեւոր է, որ պատմական այս կամ այն իրավիճակ կամ կուսակցությունների պատմության հետ կապված դիտարկումներ կատարելիս նկատի ունենալ, որ հարկավոր է նախ ցեղասպանության ճանաչումը տարբերակել հատուցումից եւ հետո պայքարել, որ մեզանում օրենսդրորեն հստակեցվի ցեղասպանության հարցը եւ պահանջատիրությունը, որպեսզի ամեն մի նոր վարչակարգ իր սուբյեկտիվ մոտեցուներով ու կամայական որակումներով հանդես չգա:

Հարկավոր է նաեւ հասնել այն բանին, որ ՄԱԿ-ը համապատասխան պաշտոնական բանաձեւ ընդունի: Հակառակ դեպքում, մենք միշտ խնդիրներ ենք ունենալու ցեղասպանությունը Թուրքիային ճանաչել տալու գործում: Հենց այստեղ էլ զգալի պիտի լինի նաեւ մեր ավանդական կուսակցությունների դերակատարությունը:

Հստակ է, որ 100-ամյակը պետք է վերածենք ջրբաժան գծի, որտեղ հայերս, անցնելով հիշատակությունների փուլը, կանգնենք ամուր քաղաքական միասնական հիմքերի վրա, դառնալով մարտնչող միասնական բռունցք, ինչին իրենց անփոխարինելի ներդրումը պիտի բերեն կուսակցությունները: Այս առումով մեզ համար հստակ պիտի պարզաբանվի, թե ի՞նչ դերակատարություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետությունըՙ որպես միջազգային իրավական սուբյեկտ եւ ի՞նչՙ Սփյուռքըՙ իր ներուժով ու լոբբիինգի հսկայական պաշարներով:

Մեր խորին համոզմամբ, հենց այս պարագային էլ ստորադասված պիտի իրենց ծրագրային դրույթներից բխող դերաբաշխում լինի ավանդական կուսակցությունների միջեւ, ելակետ ունենալով այն, որ նրանք լրացնեն միմյանց:

Այսօր, 20 անմեղ նահատակների տարելիցին, մեր հարգանքի տուրքը մատուցելով նրանց պայծառ հիշատակին, խոնարհվելով նրանց հիշատակի առջեւ, վստահաբար կարող ենք արձանագրել. շնորհիվ ձեզ` այսօր կա, ապրում եւ արարում է հայ ժողովուրդը, կռում հաղթանակներ, որոնց արմատները սնվում են ձեր ազատատենչ, գիտակցված նահատակ հոգիներից: Հոգիներ, որոնք վառ փարոսի դերակատարությունն ու կոչումն ունեն մեր գալիք սերունդների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ