«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Բանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը փայլուն գնահատեց բանկի գործունեության արդյունքները 2012-ին «Արարատբանկը» ունեցել է 3,3 մլրդ դրամ մաքուր շահույթ: Երեկ տեղի ունեցած բանկի բաժնետերերի տարեկան ժողովում այս եւ բանկի մյուս ցուցանիշների մասին խոսեց «Արարատբանկի» գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նա անցյալ տարվա բանկի գործունեության արդյունքները փայլուն գնահատեց, նշեց, որ բանկն ամրապնդել է դիրքերը Հայաստանի եւ միջազգային ֆինանսական շուկաներում, ապա թվարկեց մյուս ցուցանիշները: Բանկի ակտիվներն աճել են մոտ 30 տոկոսով եւ կազմել 113 մլրդ դրամ, վարկերը` մոտ 40 տոկոսով եւ կազմել 53 մլրդ դրամ, իսկ 2013-ի 5 ամիներին արդեն հասել են 58 մլրդ դրամի: Աշոտ Օսիպյանն ընդգծեց, որ գերակշռում են փոքր եւ միջին բիզնեսին տրված, էներգախնայողության եւ լիզինգի վարկերը: Այս տարի սկսվել է գյուղացիական վարկերի տրամադրումը, բայց դեռեւս փոքր ծավալներով: «Արարատբանկի» պարտավորությունները 2012-ին աճել են 29 տոկոսով եւ կազմել 97 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցները` 25 տոկոսով եւ կազմել 63 մլրդ դրամ, իսկ հաճախորդների թիվը` 18 տոկոսով եւ կազմել 167 հազար, թողարկած պլաստիկ քարտերի քանակն էլ ավելացել է 20 տոկոսով եւ հասել է 103 հազարի: Ինչպես հայտնեց Աշոտ Օսիպյանը, անցյալ տարի բանկի մասնաճյուղերի թիվն ավելացել է 4-ով, հասնելով 42-ի: Բանկը համագործացության մի քանի պայմանագրեր է կնքել միջազգային ֆինանսական կառույցների` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի, գերմանական «Կոմերցբանկի», բելգիական «Ինկոֆին» ներդրումային կազմակերպության հետ, ներգրավել ֆինանսական միջոցներ: Անցյալ տարի «Արարատբանկը» շարունակել է թողարկել պարտատոմսեր, այդ թվում առաջին անգամՙ դոլարային: Ավստրիական Raiffeisen բանկի կողմից ճանաչվել է փոխանցումների բարձր որակ ապահոված լավագույն բանկը Հայաստանում: Այս տարի նախատեսված ծրագրերից «Արարատբանկի» գլխավոր տնօրենը հիշատակեց ֆակտորինգային ծառայությունների մատուցումը, էներգախնայողության վարկերի ավելացումը, բաժնետոսմերի թողարկումը Լոնդոնի բորսայում եւ այլն: Բանկի տարեկան ժողովին մասնակցում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Իր ելույթում նա նշեց, որ «Արարատբանկը» մշտապես իր ներդրումն է ունենում ֆինանսական համակարգի զարգացման գործում, աչքի է ընկնում կառավարման բարձր արդյունավետության, վարկավորման ծավալներով եւ վարկերի բարձր որակով, բանկի ծառայությունները հասանելի են Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, աչքի է ընկել կապիտալի շուկայում: «Արարատբանկի» գործընկեր ՎԶԵԲ ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգն իր ելույթում հայտնեց, որ «Արարատբանկի» հետ համագործակցում են 2007-ից, համատեղ 7 ծրագիր են իրագործել Հայաստանում` 30 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Նա տեղեկացրեց, որ նոր պայմանագիր է ստորագրվելու առեւտրի ֆինասավորմանը «Արարատբանկի» մասնակցության մասին, որը կնպաստի նաեւ Հայաստանից արտահանմանը: |