ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Առաջին մրցանակըՙ Իոնիցա Անդրեյին Երեկ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման արարողությունը: Թավջութակահարների մրցույթը մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը եւ անցկացվեց 3 փուլով: Եզրափակիչ փուլ էին անցել 4 երիտասարդ թավջութակահարներ, որոնցից Իոնիցա Անդրեյը (Ռումինիա) արժանացավ առաջին մրցանակին, Մորոզովա Աննան (Ռուսաստան)ՙ երկրորդ, Պերլովա Ալեքսանդրան (Ռուսաստան) եւ Խաչատրյան Գայանեն (Հայաստան) կիսեցին երրորդ մրցանակը: Առաջին մրցանակակիրը ստացավ 15 հազար դոլար մրցանակ, երկրորդը հորիզոնականն զբաղեցրած մասնակիցը 10 հազար դոլար, երրորդը` 5 հազար դոլարը կիսվեց երկու մրցանակակիրների միջեւ: Այս տարի ժյուրիի կազմում էին` Արամ Թալալյանը (ժյուրիի նախագահ, Հայաստան), Անյա Լեխները (Գերմանիա), Օլե Ակահոշին (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլերը (Նիդերլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեան (Մոլդովա/Ռումինիա), Ալեքսեյ Սելեզնյովը (Ռուսաստան), Էրկի Լահեսման (Ֆինլանդիա): Ի դեպ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Ուրախալի է, որ դասական երաժշտության լավագույն կատարողներին ոգեւորում են ֆինանսական տեսանկյունից նաեւ: Այս փառատոնը բացահայտում է տաղանդավոր մի շարք երաժիշտների եւ օգնում է, որ նրանք դառնան ճանաչված եւ սիրված հանրության շրջանում: |