ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆ Վախճանվեց մեր ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկըՙ Աբրահամ Ալիքյանը : Երեկ հետմիջօրեին Բեյրութի հայահոծ արվարձաններից Բուրջ Համուդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հուղարկավորությունը: Մահացել էր հունիսի 15-ին: Թաղվեց նույն թաղամասի հայկական գերեզմանատանը: Վերջին երկու տարիներին ապրում էր տեղի հայկական ծերանոցում, իսկ դրանից առաջՙ 1991 թ.-ից սկսյալ, Լիբանանի Ֆարայա եւ ապա Բիքֆայա ամառանոցային գյուղերում: Դաշնակցական շրջանակների հորդորով Լիբանան էր տեղափոխվել նույն թվականինՙ Մոսկվայից, որտեղ բնակվում եւ որպես դասախոս աշխատում էր Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, որն ավարտել էր 1954 թ.-ին: 1928 թ.-ին Ալեքսանդրեթի սանջակում (Կիլիկիա) ծնված պոետը, Բեյրութի Համազգայինի ճեմարանն ավարտելուց հետոՙ 1946 թ.-ին ներգաղթել էր Հայաստան, որտեղից հայրենադարձ մի քանի այլ գրողների ճակատագրին չենթարկվելու մտահոգությամբ «ապաստան» էր գտել Խ. Միության մայրաքաղաքում, աչքերից եւ ականջներից հեռու: Հրատարակել է բանաստեղծությունների եւ պոեմների տասնյակ ժողովածուներ, որոնց թվումՙ «Աչքեր», «Նժար», «Արեւմաղ», «Ֆարայա», «Հեզ իրիկուն» եւ այլ գրքեր: Վերջինը, որը լույս էր տեսել 1995 թ. Բեյրութում, վերահրատարակվեց 2008-ին Երեւանում, խմբագրությամբ Երվանդ Տեր-Խաչատրյանի, որ 2009 թ.-ին ամփոփեց քերթողի հոդվածները, էսսեները, գրախոսություններն ու հարցազրույցներըՙ «Հանդիպակաց ափեր» վերնագրի ներքո, երկուսն էլ տպագրված «Սարգիս Խաչենց. Փրիթինֆո» հրատարակչատանը: Վտարանդի եւ ինքնավտարանդի գրողը նաեւ հրաշալի թարգմանիչ էր: Բնագրից թարգմանել է ֆրանսիացի տասնյակ բանաստեղծների քերթվածներ, այդ թվում Ազնավուրի շատ երգեր, Անդրե Մորուայի, Ռոժե Մարտեն դյու Գարի, Էրվե Բազենի, Անդրե Ստիլի մի շարք վեպերը: «Ազգը» պատրաստվում է իր մշակութային հավելվածի առաջիկա համարում էջեր հատկացնել Հայաստանում, նաեւ սփյուռքում, քիչ հայտնի այս մեծ գրողին: |