ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Նա մարտահրավեր նետեց ոչ այնքան ցուցարարներին, որքան Արեւմուտքին Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում բռնկված եւ Թուրքիայով մեկ տարածված հակակառավարական ցույցերի, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, 20-րդ օրն է: Թեեւ դրանց թափը կոտրվել է, սակայն բորբոքված կրքերը դեռեւս չեն հանդարտվում: Ամենեւին չի նվազում նաեւ ցույցերի հանդեպ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների հետաքրքրությունը: Հատկանշական է, որ մինչ ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժի գործադրման պատճառաբանությամբ ԱՄՆ-ում եւ Եվրոմիության առաջնակարգ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Իտալիան, դատապարտում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Կոսովոյում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ Մակեդոնիայում կազմակերպվում են հանրահավաքներ ի պաշտպանություն Էրդողանի: Այդպիսի հանրահավաքներ հունիսի 14-ին կազմակերպել էին նաեւ Պակիստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Եմենում ու Գազայում: Ի դեպ, Էրդողանի պաշտպանությամբ հանդես եկած երկրների դրոշը ծածանվում էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Անկարայի եւ Ստամբուլի հանրահավաքներում: Թեեւ Ադրբեջանը այդպիսի նախաձեռնություն հանդես չէր բերել, սակայն հանրահավաքում ծածանվող ադրբեջանական դրոշները գերազանցում էին մյուս երկրների դրոշներին: Այս երկրներին մեկ առ մեկ շնորհակալությամբ թվարկող Էրդողանը, նշեց հանրահավաքում նրանց ներկայության մասին, բայց չհիշատակեց ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ադրբեջանական դրոշի մասին: Հանրահավաքներից առաջինը հունիսի 15-ին կազմակերպվեց Անկարայի Սինջան արվարձանում, իսկ երկրորդըՙ հաջորդ օրը Ստամբուլի Քազլըչեշմե թաղում, որտեղ ազգային Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցն է նաեւ: Հավաքվածները վարչապետ Էրդողանին դիմավորում էին «Թուրքիան հպարտանում է քեզնով» բացականչություններով, նրա ելույթը հաճախակի ընդհատում «Պինդ կաց, մի ընկրկիր, Թուրքիան քեզ հետ է» վանկարկումներով: Հանրահավաքներին ներկա էին Ազգայնական շարժում, «Մեծ միասնություն», իսլամական «Երջանկություն» կուսակցությունները, որքան էլ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հավանություն չտար այդ ներկայությանը: Ներկայությանը ըստ երեւույթին նպաստել էր Արեւմուտքի եւ միջազգային լրատվամիջոցների բուռն հակազդեցությունը Էրդողանին, ինչպես նաեւ իրադարձությունները խեղաթյուրելու, օրինակ, CNN-ի նկրտումը, որը ստամբուլյան հանրահավաքը ներկայացրել էր որպես «հակակառավարական ցույց», թեեւ մասնակիցները ցուցարարների դեմ հանդես էին գալիս Էրդողանի պաշտպանությամբ: Սինջանում Էրդողանը ելույթը սկսեց հետեւյալ կերպ. «Մենք այս ճամփան բռնել ենք պատանքը թեւի տակ, վախենալու խնդիր չունենք, ժողովուրդը տեր է կանգնում իր կառավարությանը եւ այդ ժողովուրդը այստեղից ի լուր աշխարհի բացականչում էՙ չարանենգ խարդավանքները բացահայտելու եւ նենգ թակարդը քանդելու իր վճռականության մասին: Ցուցարարներին «թափթփուկ» էի անվանել, վիրավորվել են: Մինչդեռ բառարանով թափթփուկը նրանք են, ովքեր խախտում են կարգուկանոնը: Ամենաստոր ձեւով վիրավորեցին մեր ոստիկաններին, վիրավորում են գլխաշոր կապած աղջիկներին, մզկիթ են մտնում ալկոհոլային խմիչքով, հայհոյում են եւ հայհոյանքներ գրում պատերին, իսկ մենք դեռ շարունակում ենք համբերել: Ոստիկանությունը կարգազանցների դեմ ջրցան մեքենաներ եւ արտասվաբեր գազ օգտագործում է նաեւ ԱՄՆ-ում, ԵՄ-ի երկրներում, Ռուսաստանում: Նույնիսկ որոշ երկրներում զենք է օգտագործվում: Վիրավոր է ավելի քան 600 ոստիկան: Ֆինանսաբանկային ոչ մի լոբբի չի կարող վախեցնել կամ ստիպել մեզ, որ հետքայլ կատարենք: Մենք ճանապարհ ենք ընկել մեր պատանքով: Վաղը Ստամբուլում հանրահավաք ենք կազմակերպում: Ես դիմում եմ կարգազանցներին. Թաքսիմը պիտի դատարկվի: Կդատարկե՞ք: Բարի: Եթե չեք դատարկի, ես գիտեմ ոստիկանության միջոցով դատարկելու ձեւը: Մեր պետությունը որեւէ մեկի խաղալիքը չէ»: Էրդողանի ելույթից մեկ ժամ հետո ոստիկանությունը Թաքսիմ հրապարակի հետ դատարկել էր նաեւ «Գեզի» այգին: Ցուցարարները ցրվել էին տարբեր թաղամասեր, մինչեւ առավոտ շարունակելու դիմադրությունը: Այդ թաղամասերից է Քուրթուլուշը, որը եղել է հայկական, բայց 60-ական թթ., երբ Ստամբուլի բնակչությունը 1,5 մլն էր, որից 50-55 հազարըՙ հայ: Ներկայումս Ստամբուլում բնակվում է 15 մլն մարդ, իսկ հայերի թիվը 50-60 հազար է: Այսինքն հայկական թաղամասեր, որպես այդպիսին, արդեն չկան: Փոխարենը կան նաեւ հայերով բնակեցված թաղամասեր: Այլ կերպ, ցուցարարները հայերով բնակեցված Քուրթուլուշ են մտել ոչ թե նկատի ունենալով, որ դա հայկական թաղամաս է, այլ պարզապես ոստիկանության հետապնդումից խույս տալու համար: Համենայն դեպս, Անկարայում Էրդողանի հակազդեցության գլխավոր թիրախը ցուցարարներն էին, ինչպես նաեւ հետնաբեմից Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ ցուցարարներին սատարող քեմալականությունը: Ստամբուլի հանրահավաքում արդեն նրա գլխավոր թիրախը դարձան աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները: Էրդողանի ելույթը տեւեց մոտ երկու ժամ եւ նա մասնավորապես ասաց. «Եթե որեւէ մեկը ուզում է պատկերացում կազմել Թուրքիայի մասին, ընդ որում, հակառակ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների, թող այստեղ նայի, սա է պատկերը: Միջազգային մեդիան թող սա էլ քողարկի, քողարկի BBC-ն, CNN-ը, Ռոյթերը: Օրեր շարունակ կեղծիք էին տարածում: Հիմա իրենց կեղծիքի հետ մնացել են դեմ հանդիման: Այս պահին «Գեզի» այգին դատարկված է, Թաքսիմ հրապարակըՙ նմանապես: Բարեկամ թե թշնամի, թող բոլորն իմանան, որ Թուրքիան չի սահմանափակվում Թաքսիմ հրապարակով: Եվրոխորհրդարանը մեզ հետ կապված որոշում է ընդունել: Չափը պիտի իմանար, որովհետեւ Թուրքիայի վերաբերյալ որոշում ընդունելու ոչ մի լիազորություն չունի: Ընդունած որոշումը ես նույնությամբ վերադարձրել եմ իրենց: Ոչ մի խարդավանք չի գործի: Առանց ամաչելու հայտարարում են, թե արաբական գարնանը հաջորդում է թուրքական գարունը: Չգիտեն այդ մոլորվածները, որ թուրքական գարունը 2002-ի նոյեմբերի 3-ին էր (նկատի ունի ընտրությունները, որոնց արդյունքում միանձնյա իշխանության է եկել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը): Սրանք աչք ունեն, չեն տեսնում, ականջ ունեն, չեն լսում, լեզու ունեն, բայց ճշմարտությունը երբեք չեն ասում»: Թուրքական ընդդիմությունը Անկարայի եւ Ստամբուլի հանրահավաքները համարում է մարտահրավեր ցուցարարներին եւ քննադատում Էրդողանին: Թվում է, թե դրանք մարտահրավեր են ոչ այնքան ցուցարարներին, որքան վերջիններիս արեւմտյան աջակիցներին, ինչպես նաեւ ժողովրդականության վերահաստատում իր լուր Արեւմուտքի: |