ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է Բրիտանական Caughtoffside-ի տեղեկացմամբ, Հենրիխ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցը գործնականում լուծված է: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Շախտյորին» 18 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի: Բրիտանական մեկ այլ պարբերականիՙ Telegraph Sport-ի տեղեկացմամբ, անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերջնական որոշում է կայացրել իրականացնել Մխիթարյանի տրանսֆերը եւ «Շախտյորին» վճարել հայ ֆուտբոլիստին պայմանագրով նախատեսված 30 մլն եվրո տրանսֆերային արժեքը: «Լիվերպուլի» տնօրեն Յան Էյրն էլ, որ պատրաստվում էր մեկնել Բրազիլիաՙ ներկա գտնվելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, չեղյալ է համարել ուղեւորությունը եւ մեկնել է Դոնեցկ, որպեսզի հանդիպի ակումբի ղեկավարությանն ու Հենրիխ Մխիթարյանինՙ վերջինիս հետ համաձայնեցնելով պայմանագրի պայմանները: Սպասվում է, որ շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի տրանսֆերի մասին: Մխիթարյանի թիմից հեռանալու փաստը հաստատել է նաեւ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկունՙ խոսելով թիմի տրանսֆերային գործունեության մասին. «Գիտենք, թե ով է հեռանալու թիմից: Նրանց թիվը 6-7 է: Թիմում ընդգրկել ենք Վելինգտոնին եւ Ֆեռնանդոյին: 2 շաբաթվա ընթացքում թիմի կազմը կհամալրի եւս մեկ ֆուտբոլիստ: Հարձակման գծում կգործեն Թեյշերան, Դուգլասը եւ Ադրիանոն: Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա մտադիր է հեռանալ: Կա մի թիմ, որը նրա համար կվճարի պահանջվող գումարը: Մեզ ոչինչ չի մնում անել: Ստիպված ենք փոխարինող գտնել»: Այսպիսով, եթե բրիտանական մամուլի տեղեկությունները հավաստի են, Հենրիխ Մխիթարյանի կարիերայում նոր էջ է բացվելու: Ինչ խոսք, «Լիվերպուլում» հանդես գալը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի Մխիթարյանի կարիերայում: Կարծում ենք, որ Հենրիխն իրեն կկարողանա լավագույնս դրսեւորել նաեւ Անգլիայի պրեմիեր լիգայում: Իսկ Ուկրաինայում հանդես գալու կարճ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը գրանցվեց ուկրաինական ֆուտբոլի տարեգրությունումՙ 25 գնդակով սահմանելով Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ, ճանաչվելով լավագույն ռմբարկու եւ ֆուտբոլիստ: |