ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ Ի. Պ. Սահմանված առավելագույն արագության տուգանքների չափերի փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուգանքները մնում են նույնը: Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը : Ըստ News.am-ի` Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մինչեւ 70 կմ/ժամ արագության դեպքում վարորդը չի տուգանվի, իսկ 71 կմ/ժամից սկսած արդեն կտուգանվի. «Եթե նախկինում այդ մեկ կիլոմետրը վիճարկվում էր, հիմա չի վիճարկվում»: Սակայն Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհել է, որ հիմա վարորդը վայրկյանը մեկ պետք է նայի արագաչափին: Վարորդները նաեւ դժգոհում են, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամեն անգամ սիգարետ գնելիս 5 հազար դրամով տուգանվում են: Էդուարդ Հովհաննիսյանի բացատրությամբ`պատճառը Ճանապարհային երթեւեկության կանոնների փոփոխությունն է, ըստ որի խաչմերուկներում կանգառն արգելված է. «Դա խաչմերուկ է համարվում, եւ այդպիսի բազմաթիվ խաչմերուկներ ունենք: Օրինակՙ «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակը, Սախարովի հրապարակը, Թբիլիսյան պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկը: Հիմա մենք ասում ենք` ո՞ւմ են խանգարում, որ Սախարովի հրապարակի մեռած անկյուններում կանգնեն»: Ըստ բանախոսիՙ ճանապարհային իրավախախտումների դատերի 70 տոկոսը շահում են, իսկ 30-ըՙ պարտվում: |