«ՎԱՐԴԱՎԱՌ-2013» ՓԱՌԱՏՈՆ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ Մեկնարկել են «Վարդավառ-2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Սիրահարների այգում: «Վարդավառ 2013» փառատոնի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են խաղեր ու մրցույթներ, ինչպես նաեւ լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, որի մասնակիցները որոշակի գումար կնվիրաբերեն: Հավաքված գումարը Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը: Նախաձեռնության հեղինակներ` ՄԱՐՕԳ մարկետինգ ընկերությունը եւ դիզայներ Արա Ասլանյանը նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները եւ մատնանշել ազգայինը: Հին ժամանակներում Վարդավառը համախմբել է մարդկանց. սիրահար տղան ու աղջիկն այդ օրը հնարավորություն են ունեցել ազատ տեսնվելու, տարբեր ազգեր, հարուստ ու աղքատ, բարեկամ ու թշնամի նստել են նույն սեղանի շուրջը. հարսը ջրել է սկեսրոջն ու սկեսրայրին, սանիկը` սանամորը: Տոնը միավորել է բոլորինՙ անկախ ամեն ինչից ու սփռել սեր, հանդուրժողականություն ու հավասարություն: Վորլդ Վիժն Հայաստանը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը: |