ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՏՈՒԺՈՂ, ԱՅԼՙ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ Հ. Հ. Փաստաբան Հայկ Ալումյանը գրություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինՙ բողոքարկելով ՊՆ քննչական ծառայության որոշումը, համաձայն որի հետաձգվել է զինվորական հոսպիտալում գտնվող, ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներկայացնելու մասին փաստաբանի միջնորդությունը: Նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդ է ճանաչել Արտակ Բուդաղյանի հորըՙ Էմիլ Բուդաղյանին, իսկ գնդապետինՙ ոչ, պատճառաբանությամբ, թե գործով մի շարք քննական դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն է զգացվում: Փաստաբանի ներկայացմամբՙ գոյություն ունեցող փաստեր կան, եւ դրանց հիման վրա Բուդաղյանին պետք էր ճանաչել տուժող, ոչ թե հետաձգել միջնորդությունը: Ըստ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանիՙ Բուդաղյանին որպես տուժողի ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է, որպեսզի որոշվիՙ արդյոք անձը հանցագործությունի՞ց է տուժել: Ավելինՙ զինդատախազը չի բացառել, որ անհրաժեշտ քննական գործողություններով Բուդաղյանը գուցե ընդգրկվի որպես մեղադրյալ: Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպից հետո Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայրըՙ Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երեւան: Հարուցված գործի շրջանակներում կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինՙ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ այնտեղ կմնան մինչեւ նախաքննության փուլի ավարտը: Այս առումով հետաքրքրական է, որ Սուրեն Խաչատրյանը, ում անվան դիմաց բազմաթիվ հանցագործություններ կան, եւ որ իբր իր տան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ կամ տանը չի եղել, կամ քնած է եղել, ընդամենը հրաժարական ներկայացրեց եւ ազատվեց մարզպետի պաշտոնից: Նա գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ: Զավեշտալին նաեւ այն է, որ միայն հեռուստաընկերությունների համար նախատեսված «ասուլիսի» ժամանակ զինվորական դատախազը հանձն առավ դառնալ նախկին մարզպետի փաստաբանն ու պաշտպանել Խաչատրյանին: Չենք բացառում, որ Բուդաղյանին որպես տուժողի չներգրավելն ու որպես մեղադրյալի ներկայացնելը նույն սցենարից է: |