ՈՉ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Օտարման պայմաններում հազիվ թե արդյունքի հասնի քրդական հարցի կարգավորման գործընթացը Նախորդ համարում, նշելով Թուրքիայում քրդական հարցի կարգավորման վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ սկզբնավորված գործընթացի վրա «Գեզիի» դեպքերի բացասական ազդեցությունը, այնուամենայնիվ, որպես կանխարգելիչ գործոն մատնացույց էինք արել Թուրքիայի գործող սահմանադրության ներածությունը, անձեռնմխելի հոդվածների հետ նաեւ ուսուցման եւ քաղաքացիության մասին 42-րդ ու 66-րդ հոդվածները: Թուրքական ազգային պետության ամբողջականությունն ու այսպես կոչված փառապանծ թուրք ազգի միասնականությունն ապահովող սահմանադրության այս ներածությունն ու հոդվածները ամրագրում են երկրի ոչ թուրք ժողովուրդների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավազուրկ վիճակը: Դա միանգամայն տրամաբանական է այն առումով, որ քեմալականները թուրքական ազգային պետություն են ստեղծել ոչ թուրք ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում եւ փորձել են միասնական թուրք ազգ կերտել բազմազգ երկրում: Այսինքնՙ քեմալականների այս մոտեցումն է ի սկզբանե պայմանավորել ոչ թուրքերի օտարումը Թուրքիայում: Ուստի, օտարման ամրագրումը սահմանադրության մեջ ներածականով ու հոդվածներով, բացի քրդերից կարեւոր է նաեւ հայ, հույն, ասորի, հրեա ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական բոլոր խմբավորումների իրավական դրության մասին ճշգրիտ պատկերացում կազմելու առումով: Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ին: Որքան էլ դրա համար մեղադրվի 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ղեկավար գեներալ Քենան Էվրենի խունտան, չմոռանանք, որ դրա անձեռնմխելի հոդվածները եղել են դեռեւս 1924-ի սահմանադրության մեջ, որն արդեն քեմալականների նախաձեռնությունն էր: Համենայն դեպս, սահմանադրության ներածականն ասում է. «Թուրքական հայրենիքի եւ ազգի հավերժ գոյությունն ու երկնասլաց թուրքական պետության անքակտելի միասնականությունը սահմանող տվյալ սահմանադրությունը, ելնելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր, անմահ առաջնորդ եւ անզուգական հերոս Աթաթուրքի ազգայնականության ըմբռնումից, նրա բարեփոխումների ոգուց եւ սկզբունքներից, հաստատում է. Ոչ մի գործունեություն չի կարող գերադասելի լինել թուրքական ազգային շահերին, թուրքերի գոյությանը, պետության եւ երկրի անբաժանելիությանը, թուրքական ինքնությանը, պատմական եւ բարոյական արժեքներին, Աթաթուրքի ազգայնականությանը, սկզբունքներին, բարեփոխումներին եւ քաղաքակրթության ըմբռնմանը»: Դրան հետեւում են խնդրո առարկա հոդվածները հետեւյալ բովանդակությամբ . «Հոդված 3 - Թուրքիայի պետությունը անբաժանելի ամբողջականություն է իր երկրով եւ ազգով: Լեզուն թուրքերենն է : Հոդված 4 - Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներն անձեռնմխելի են, ենթակա չեն փոփոխության առաջարկի : Հոդված 42 - Որեւէ այլ լեզու, քան թուրքերենը չի կարելի կրթական եւ ուսումնական հաստատություններում ուսուցանել որպես մայրենի լեզու Թուրքիայի քաղաքացիներին : Հոդված 66 - Թուրք է յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի քաղաքացիություն ունի »: Սահմանադրության ներածության եւ մի քանի հոդվածների մասնակի թարգմանությունն անգամ բավական է ենթադրելու, որ դրանց հիմքում Քեմալ Աթաթուրքի հանրահայտ ասույթն է. «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»: Չհամարելը քաղաքացու համար ըստ ասույթի օտարում է նշանակում: Այսինքնՙ ոչ թուրք քաղաքացուն հասարակությունից նախքան սահմանադրությունը օտարել է Աթաթուրքի ասույթը, որը հանդիսանում է քեմալական ազգայնականության հիմնադրույթը: Սահմանադրությունը հիմք ընդունելով այս հիմնադրույթը, ամրագրել է ոչ թուրք քաղաքացու օտարումը, որ նրանք այլընտրանք չունենան, քան թուրքանալու միջոցով երանության հասնել: Ակնհայտ է, որ իրեն թուրք չհամարող քաղաքացին ինքնաբերաբար մերժում է «թուրքական ազգային շահերի, թուրքերի հարատեւության, պետության եւ երկրի անբաժանելիության, թուրքական ինքնության, պատմական ու բարոյական արժեքների, Աթաթուրքի ազգայնականության» սահմանադրությամբ ամրագրված գերակայությունը: Այսպիսով, նա դառնում է Թուրքիայի հանրապետության գոյությանը սպառնացող դավադիր: Թուրք հասարակությունն ու քեմալականները թուրքական ազգային պետությունը ի սկզբանե նույնիսկ ցեղասպանությունից հետո որպես դավադիր են դիտել թուրքահայերին, որոնց հետ նաեւ հույներին, ասորիներին, հրեաներին: Ինչ վերաբերում է քրդերին, ապա նրանց իթթիհատականներն օգտագործել են հայկական ջարդերում, իսկ քեմալականներըՙ ազգային պատերազմներում, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելիս ժխտեն նաեւ քրդական ինքնությունը երկրում: PKK-ի 30-ամյա զինյալ պայքարը էապես փոխեց իրերի դրությունը Թուրքիայում: Երկրում բնակչության մեջ 4-րդը կազմող քրդերը շնորհիվ այդ պայքարի դարձան գործոն Թուրքիայի համար, ընդ որումՙ ռազմական, քաղաքական եւ ազգագրական տեսանկյունից: Դա թուրքական պետությանը զրկեց քրդերի ինքնությունը ժխտելու հնարավորությունից: Զինյալ պայքարի դադարեցման հրամայականով պետությունը հաշտեցման ուղիներ որոնեց PKK-ի հետ եւ շրջանառության մեջ դրեց քրդական հարցի կարգավորման գործընթացը: Խնդիրը, սակայն, PKK-ն կամ թուրքական պետությունը չէ, այլ փոխանվստահությունը: Թուրքերը չեն վստահում PKK-ի առաջնորդ Օջալանի հաշտեցման պատրաստակամությանն ու առհասարակ քրդերին: Քրդերն էլՙ թուրքական պետությանն ու թուրք ժողովրդին: Մտածել, որ փոխանվստահության պայմաններում PKK-ի հետ հաշտեցման եւ քրդական հարցի կարգավորման գործընթացը արդյունքի կհանգեցնի, իրատեսական չէ: Մանավանդ որ դրանց տրամաբանությանը հակասում են սահմանադրության ներածությունն ու մի քանի հոդվածներ: |