ՀԱՄԱՑԱՆՑԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է Ի. Պ. Համացանցում գրանցվելուց առաջ յուրաքանչյուրս պետք է տեղյակ լինի, որ գրանցվելուց հետո մեր տվյալներին տիրապետում է արդեն մեկ ուրիշն էլ: Եվ համացանցում որոշակի գրառումներից պետք է խուսափել, քանի որ գրառումները կարող են տեղեկատվություն տրամադրել ազգային անվտանգության մասին: Բլոգեր Տիգրան Քոչարյանը նշում է` կամ պետք է չմտնել համացանց, կամ էլ մտնել` ինչ-որ չափով կրթվելուց հետո, այսինքն իմանալ` ինչը պետք է գրել, ինչը` ոչ: Օրինակ` եթե որեւէ զորամասում ծառայող զինվորը համացանցում նշում է, որ այնտեղ հոգեբանական ծանր վիճակ է, ապա գաղտնալսողի կողմից այսպիսի ինֆորմացիան կարող է օգտագործվել: Տիգրան Քոչարյանը մեջբերում է դեպքեր, երբ զինվորը, օրինակ, նկարվել է բարձունքին կանգնած, ու ներքեւում երեւում է ամբողջ զորամասը, եւ նկարը տեղադրվել է Odnoklasniki սոցցանցում: Խուսափելու համար անձնական ինֆորմացիան բացահայտ հրապարակելու հետեւանքներից, դեռ դպրոցական բարձր դասարաններից աշակերտները պետք է կրթվեն այդ ուղղությամբ: Ըստ Տիգրան Քոչարյանի` սահամանափակումներ մտցնելիս էլ ասում են, թե խոսքի ազատությունն է սահամանափակվում: Բայց սոցցանցում սահմանափակումը բացահայտ գրառումների, որոնք առնչվում են անձնական տվյալներին ու անվտանգության հարցերին, կապ չունի խոսքի ազատության հետ: «Իսկ պետական պաշտոնյաները կամ լրատվամիջոցները երբեմն այնպիսի ինֆորմացիա են տարածում բանակի մասին, որ պարզապես շշմում ես», հավելում է Տ. Քոչարյանը: Ի դեպ, լրատվամիջոցներն էլ բանակին վերաբերող թեմաները լուսաբանելիս կամ համացանցում լուսանկարներ ու գրառումներ տարածելիս հարկ է իմանան, որ այդ ամենը հավաքվում է ինֆորմացիոն բազաներում ու կարող է օգտագործվել ի վնաս ազգային անվտանգության: Հայաստանում Facebook սոցիալական ցանցից ամեն օր օգտվում է շուրջ կես միլիոն մարդ, իսկ ընդհանուր բնակչության կեսը գրանցված է սոցցանցերում ու անընդհատ տեղեկատվություն է տարածում: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` եթե այդ ամբողջ ինֆորամացիան մշակվի մի տեղում, ապա երկրի մասին դա կտրամադրի ավելի շատ տեղեկատվություն, քան կարող ենք պատկերացնել: Շարունակելով վերահսկողության թեման` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կոնկրետ Ազգային անվտանգության ծառայությունն իրավունք չունի ազդելու ինչ-որ մեկի վրա համացանցում ստատուսներ գրելու համար: Նրա կարծիքով` ԱԱԾ-ն չպետք է ունենա այնպիսի գործառույթներ, որոնք կվերահսկեն համացանցում գրված քաղաքական ստատուսները: Վերջին հաշվով` համացանցից օգտվող ամեն մեկի պատասխանատվությունն է լինել զգույշ իր գրած ու հրապարակած ինֆորմացիայի համար: |