ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՆՈՐՎԱՆ ԱՐՔ. ԶԱՔԱՐՅԱՆԸ Երեկ մեզ չհաջողվեց պաշտոնական աղբյուրներից ճշտել լուրը, որն իր ֆեյսբուքյան էջում առաջինը տարածել էր Երեւանի «Փարիզյան սուրճ» հաստատության նախկին տիրուհի Վալերի Աշխեն Գործունյանը: Ըստ վերջինիս տարածած ֆրանսերեն հաղորդագրության, Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը երկուշաբթի օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածին է ուղարկել ընթացիկ տարվա ավարտին պաշտոնից հրաժարվելու դիմումը, այնինչ նրա պաշտոնավարման ժամկետը վերջանում է 2014 թ. ավարտին: Ըստ տիկին Գործունյանի, պաշտոնից հրաժարվելու Սրբազանի որոշումը կապ ունի Նիսի հայ եկեղեցու շուրջը պատահած դեպքերի եւ տեղի հոգեւոր հովիվ Վաչե վարդապետի Ստրասբուրգ տեղափոխման հետեւանքով Մայր աթոռի եւ իր միջեւ առաջացած լարվածության հետ: Սպասելի է, որ այս եւ հարակից հարցերի մասին Մայր աթոռը այսօր հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: |