ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Սեպտեմբերի 23-29-ը կմեկնարկի «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնը: Համերգներն իրենց մեջ ներառելու են երաժշտական տարբեր ժանրեր ներկայացնող արտիստներ. ազգագրական, ռոք, դասական, ջազ եւ էստրադա: «Երաժշտության շաբաթը Երեւանում» փառատոնը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, որը կբացահայտի մեր երկրի, սփյուռքի, ինչպես նաեւ այլ երկրների երաժշտական լավագույն կատարողներին, որոնք մնում են էկրանից այն կողմ: «Երաժշտության շաբաթը Երեւանում» դա համերգային ծրագրերի, մենահամերգների, ստեղծագործական երեկոների, ձայնասկավառակների շնորհանդեսների շարք է լինելու, որը փորձելու է ինչպես արժանին մատուցել հայկական երաժշտության մեծերին, այնպես էլ նոր տաղանդներ բացահայտել: Երաժշտական ծրագրերի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ դրանք ոչ թե սովորական համերգային ծրագրեր են, այլ իրենց ձեւաչափով գրավիչ ստեղծագործական հանդիպումներ` արտիստի եւ հանդիսատեսի անմիջական շփումով, բլից-հարցազրույցներով եւ բեմականացումներով: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա ազգային երգի օրը: Ի դեպ, համերգներից մեկը նվիրված է լինելու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին, որը պետք է փառատոնին մենահամերգով ներկայացներ Ժողովրդական երգի օրը, սակայն... Այդ համերգի օրը հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու երգչուհու լավագույն ձայնագրությունները եւ հայկական երաժշտության, էստրադայի արտիստների կատարումները: Մյուս համերգը` սեպտեմբերի 25-ին, որը ռոք ուղղվածության է լինելու, կատարումներով հանդես կգա «Դորիանս» ռոք խումբը: Իսկ հաջորդը` դասական համերգը, տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, որին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Վազգեն Վարդանյանը եւ Իգոր Պոլտավցեւը: Համերգաշարին իրենց ներկայությամբ հետաքրքրական երանգ կավելացնեն Լեւոն Մալխասյանը, Արմեն Ուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Մարիամը: Վերոնշված երաժիշտների կատարումները կարող եք լսել սեպտեմբերի 27-ին, ջազ համերգի շրջանակում: Իսկ ահա էստրադային համերգին հնարավորություն կունենանք վայելելու Էռնա Յուզբաշյանի կատարումները, իսկ որպես հյուր համերգին ներկա կլինի Արթուր Գրիգորյանը: Սեպտմբերի 29-ին տեղի կունենա գալա համերգը, որում հանդես կգան հայկական էստրադային մի շարք երգիչ-Երգչուհիներ: «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնի համապրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորը Էմիլ Կարատն է, որն այս փառատոնի շրջանակում յուրաքանչուր արտիստի հետ աշխատելու է, ստեղծելու է կերպար եւ յուրաքանչյուր կատարման համար հատուկ բեմադրություն է ներկայացնելու: Սպասվում են հետաքրքրական բեմադրություններ: |