«ԲԵՇԻՔԹԱՇԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՕԶԲԻԼԻՍՈՎ Թուրքական «Բեշիքթաշը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են իրենց կազմում ընդգրկել ՀՀ հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Ըստ Fanatik.com-ի, թուրքական ակումբը պատրաստ է Օզբիլիսի համար 5 մլն եվրո առաջարկել «Կուբանին», իսկ ֆուտբոլիստին վճարել տարեկան 1,5 մլն եվրո աշխատավարձ: Հայտնվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի հարցում եւ առաջիկայում «Բեշիքթաշը» պաշտոնապես կհայտարարի գործարքի կայացման մասին: Օզբիլիսով հետաքրքրված է «Բեշիքթաշի» նոր գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը, որը Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել Ստամբուլ: Նշենք, որ Օզբիլիսով հետաքրքրվում են նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», «Դինամոն» ու «Սպարտակը», Կազանի «Ռուբինն» ու Մախաչկալայի «Անժին», որոնք ավելի լավ պայմաններ են առաջարկում ֆուտբոլիստին: |