ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ադրբեջանական լրատվամիջոցներից virtualaz.org-ը, առանց աղբյուր մատնանշելու, մեջբերել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերը, որոնց համաձայն` «փոխանակ այս տարի կառույցն ավարտելու (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի- Վ. Ա.), ցավոք, այն հետաձգվել է երկու տարով»: Վրաստանի նախագահի կարծիքով` դա իր երկրի համար վտանգավոր է, քանի որ նա «կարող է կորցնել իր տարածաշրջանային կենտրոնի գործառույթը»: Սաակաշվիլիի գնահատմամբ, երկաթգծի եւ Լազիկա նավահանգստի կառուցման ավարտի դեպքում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված փոխադրումները «կընկնեին Վրաստանի վրա»: Նա նաեւ ավելացրել է, որ Վրաստանն «իր հնարավորությունը բաց է թողել գիտակցված քաղաքականության արդյունքում»: Սաակաշվիլիի կողմից այս ձեւակերպումն անթաքույց ակնարկ է «Վրացական երազանք» դաշինքի հասցեին, որը, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կազմավորել է գործող նախագահին ընդդիմադիր կառավարություն: Ադրբեջանական լրատվամիջոցն այս առթիվ հիշեցրել է, որ Վրաստանի նախկին կառավարությունը «ծրագրում էր Սեւ ծովի ափին կառուցել Լազիկա նոր քաղաքը եւ համանուն նավահանգիստը, մինչդեռ 2012թ.-ի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո եկած նոր իշխանությունները դա նպատակահարմար չեն համարում»: Ինչպես հայտնի է, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծով պետք է կառուցվի 98 կմ նոր գիծ, որի 68 կմ-ն բաժին է ընկնում թուրքական, 30-ը` վրացական կողմին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն իր բաժին 30 կմ երկաթգիծը կառուցելու «միջոցների բացակայության» պատճառով Ադրբեջանից ստացել է 775 մլն դոլարի արտոնյալ վարկ: Ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնըՙ Բիձինա Իվանիշվիլին առաջնահերթ կարգով ստուգումներ էր նախաձեռնել` պարզելու «ադրբեջանական արտոնյալ վարկի չափերի համապատասխանությունը նախագծին»: Վրաստանի նոր կառավարությունը կասկածներ ունի, որ Միխեիլ Սաակաշվիլին «կոռուպցիոն գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»: Պարզ ասած, Թբիլիսիում կարծում են, որ Սաակաշվիլին 30 կմ երկաթգիծ կառուցելու համար Ադրբեջանից «ստացել է անհամաչափ մեծ գումարի վարկ, որը սերունդների վրա դառնալու է բեռ»: Պաշտոնապես Վրաստանի կառավարությունը չի հայտարարել, որ հրաժարվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծից, բայց ադրբեջանական կողմի հետ քննարկել է 775 մլն դոլար վարկի «նպատակահարմարության հարցը»: Նկատի ունենալով հանգամանքը, որ Վրաստանի նոր կառավարությունն ադրբեջանական Socar պետական ընկերության հետ բանակցություններում դարձյալ «կոռուպցիոն ռիսկերի» հիմնավորմամբ հասել է ներմուծվող գազի գնի զգալի իջեցման, ինչպես նաեւ նկատելիորեն սահմանափակել վրացական բենզինի շուկայում Socar-ի ազդեցության հետագա մեծացման նկրտումները, կարելի է ենթադրել, որ, կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման նպատակով Ադրբեջանից ստացված վարկի չափերի հետ, նույնպես առկա է «կոռուպցիոն գործարքի բացահայտման վտանգ», ինչն էլ Միխեիլ Սաակաշվիլիին ստիպում է հանդես գալ «աշխարհաքաղաքական ենթատեքստ պարունակող» հայտարարություններով: Չի բացառված նաեւ, որ վրացական նոր իշխանությունները, նկատի ունենալով ԲԹԿ-ով Ադրբեջանի գրեթե հիվանդագին շահագրգռվածությունը, քանի որ այդ գծի շահագործման դեպքում Բաքուն մտադիր է կառուցել նաեւ Կարս- Իգդիր- Նախիջեւան երկաթուղի եւ այսպիսով օրակարգից հանել Նախիջեւանի «շրջափակվածության» խնդիրը, պարզապես ձգտում են հասնել 775 մլն դոլար վարկի «վերակառուցման»: Հաշվի առնելով, որ ԲԹԿ-ն Իլհամ Ալիեւի կողմից «Հայաստանին մեկուսացնելուն» ուղղված քաղաքական նախագծի բաղադրիչներից մեկն է, կարելի է ենթադրել, որ նա ընդառաջ կգնա Վրաստանի նոր իշխանությունների ձգտումներին եւ կհամաձայնի, որպեսզի կատարվի վարկային վերահաշվարկ: Վրացական կողմի կարծիքով, 30 կմ երկաթգծի կառուցման համար առավելագույնը պետք է ծախսվի 350-400 մլն դոլար: Կգա՞ն կողմերը նման համաձայնության` խնդիրը թերեւս կքննարկվի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Մինչ այդ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցած շաբաթ հայտարարել էր, որ ԲԹԿ-ի «կառուցումն զգալիորեն կարագացվի»: Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլն արդեն իսկ ահազանգ է հնչեցրել: Virtualaz.org-ի այդ թեմայով հրապարակումը վերնագրված է` «Ալիեւ-Սաակաշվիլի նախագիծը տապալման վտանգի տակ է»: Իսկ գուցե այդ ամենն ունի աշխարհաքաղաքակա՞ն ենթատեքստ: |