ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Անդրադարձ մեր տպագրածին Հունիսի 22-ին «Ազգում» տպագրված «Դատական խարդախությունների կծիկում» վերնագրով հոդվածն օրերս ստացավ արձագանք, որը հերքում է ամերիկահայ Քարոլին Բաղումյանի տեղեկատվությունը Նունուֆար Հովհաննիսյանի ու վերջինիս կատարած աշխատանքների մասին: Նունուֆար Հովհաննիսյանը, գալով մեր խմբագրություն, ինքը նույնպես հարցազրույց տվեց մեզ: Նունուֆար Հովհաննիսյանը նախ ժխտում է տեղեկատվությունը, թե ինքը շինարար է: Ասում էՙ աշխատել է նախագծային ինստիտուտում, իսկ 1993-ից Մոսկվայում աշխատել է շինարարության մեջ: Քարոլին Բաղումյանին ճանաչում է Ֆրեզնոյում բնակվող մեկ այլ ամերիկահայի միջոցով: Ֆրեզնոյի բնակիչը տիկին Նունուֆարին խնդրել է օգնել Քարոլինին Հայաստանում տուն ու հողատարածք գնելու գործում: Նունուֆարը հերքում է Քարոլին Բաղումյանի ասածը, թե միմյանց ճանաչում են համացանցի միջոցով: Իրենց ծանոթությունից որոշ ժամանակ անց, ըստ Նունուֆարի, ինքը հողատարածք է գտնում Նորք-Մարաշում, եւ Քարոլինը տեսնելուց հետո հավանում է ու համաձայնում գնել: Հողամասն արժեր 40 հազար դոլար: «Պայմանավորվեցինք, որ Միացյալ Նահանգներից Քարոլինը գումարը մաս-մաս կուղարկի, ու ես էլ մաս-մաս կվճարեմ, իսկ առք ու վաճառքը կձեւակերպենք գումարի առաջին մասը ստանալուց հետո», ասում է Նունուֆար Հովհաննիսյանը: Սկզբում Նունուֆարն ու Քարոլինը իրար հետ աշխատում են հաշտ ու միասին որոշում, թե ինչպիսի տուն կառուցեն արդեն գնված հողամասում: Նունուֆարը եւս մի անգամ շեշտում է, որ հողամասն արժեր 40 հազար դոլար, ու այս թիվը նշված է նաեւ առք ու վաճառքի պայմանագրի մեջ: Իսկ այն, թե հողամասի իրական գինը եղել է 38 հազար դոլար, Նունուֆար Հովհաննիսյանը համարում է թյուր: «Մի խոսքով` նախագիծը պատվիրեցի, հանեցի շինթույլտվությունը: Ի դեպ, այդ ամենն առանց լիազորագրի անել չէի կարող, հետեւաբար Քարոլինն ինձ տվել էր լիազորագիր, ու անընդհատ ժամկետներն անցնելուց հետո լիազորագիրը թարմացնում էր», պատմում է Նունուֆարը: Տան շինարարությունը սկսում են 2005 թվից, եւ 2008-ին տունն արդեն կառուցված էր, ըստ Նունուֆարի, ներսում ջուրը, ջեռուցումն ու էլեկտրականությունը քաշած էին, սալիկներն ու մանրահատակը` կպցրած: «Դրսի ցանկապատերի մեծ մասն էլ արդեն պատրաստ էր, սենյակների դռներն ու պատուհանները դրված էին», ասում է Նունուֆարը, որը 2009-ից, սակայն, չի զբաղվել Քարոլինի տան աշխատանքներով. «Նա արդեն ուրիշ բրիգադ բերեց իր տանը աշխատելու համար, սակայն նրանց հետ կռվելուց հետո նրանց էլ տնից դուրս հանեց»: Ինչ վերաբերում է տանն առկա նախագծային շեղումներին, որոնց մասին նշել էր Քարոլինը, Նունուֆար Հովհաննիսյանն ասում է` ինքն անձամբ որեւէ լուրջ շեղում թույլ չի տվել, շեղումները հետո Քարոլինն է առաջացրել: Նունուֆար Հովհաննիսյանը նշում է, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ Քարոլինի տան վրա ներդրված գումարը շուրջ 200 հազար դոլարով պակաս է, քան նա հատկացրել է իրեն. «Քարոլինն ինձ ուղարկած գումարով 4 հազար քմ հողակտորներ է ձեռք բերել նաեւ Ձորաղբյուրում ու 82 հազար դոլարով էլ մի ուրիշ հողամաս է գնել Նորք-Մարաշում` հենց իր առանձնատանը կից: Իսկ 82 հազար դոլարն ինձ ուղարկել է մաս-մաս, ու ես այստեղ մաս-մաս վճարել եմ հողամասի տիրոջը»: Նունուֆար Հովհաննիսյանը փաստում է, որ Քարոլինն իրեն ուղարկել է 419 հազար դոլար, ինչը բանկային հաշիվներով նույնպես նշված է: Իսկ Նունուֆարի աշխատավարձի մասին պայմանավորվածություն չի եղել: «Մենք այնքան մտերիմ էինք, որ ասաց, թե ինձ վերջում մի գումար կտա: Սակայն չեմ իմացել, որ ուզում էր ինձ խաբել: Իսկ դատարան ես դիմել եմ ոչ թե իմ աշխատավարձը պահանջելու, այլ վճարելու համար պարտքերս, որոնք գոյացել են նրա տան շինարարության համար, քանի որ վերջում Քարոլինն ինձ փող չէր ուղարկում, ու քանի որ բանվորներն աշխատում էին, ես ստիպված ուրիշից էի փող վերցնում ու վճարում նրանց», ասում է Նունուֆար Հովհաննիսյանը` եւս մի անգամ շեշտելով, որ 40 հազար դոլարով վճարելու է իր պարտքերը: Իսկ լիցենզիայի վերաբերյալ Նունուֆարն ասում է, որ ըստ օրենքի` դրա կարիքն ինքը չի ունեցել. ինքը եղել է Քարոլինի լիազորված անձը, ինչը միանգամայն բավարար էր: Նունուֆար Հովհաննիսյանը հավելում է` պարտատերը, ումից ինքը գումար է վերցրել ու ծախսել Քարոլինի տան վրա, եկել էր Մոսկվայից եւ ուզում էր տուն գնել Հայաստանում. «Սակայն վերցրեցի նրա գումարն ու ծախսեցի Քարոլինի տան վրա: Իմ տունն էլ գրանցել եմ պարտատիրոջ անունով` ձեւակերպելով առք ու վաճառք: Ըստ էության` իմ տունը հիմա ինձ չի պատկանում: Երբ գումարը վերադարձնեմ, նորից առք ու վաճառքով իմ տունը հետ կվերցնեմ»: Նունուֆարն ասում է. «Քարոլինը նույնիսկ «աչք էր դրել» իմ տան վրա, ու հայտարարել, որ խլելու է իմ տունը»: Գործը դատարան հասնելուց հետո դատավորը Քարոլինին ասել է, որ հաշտության պայմանագիր կնքեն Նունուֆարի հետ: Երկու կողմն էլ համաձայնել են ու 2010-ի հունվարի 29-ին ստորագրել հաշտության համաձայնագիր, որի համաձայն` պատասխանող Քարոլին Բաղումյանը պարտավորվել է մինչեւ 2010-ի օգոստոսի 1-ը հայցվոր Նունուֆար Հովհաննիսյանին վճարել 40 հազար դոլարին համարժեք դրամ, եւ կողմերը հաստատում են, որ Քարոլին Բաղումյանի կողմից սույն հաշտության համաձայնության վերոնշյալ պարտավորության պատշաճ կատարման դեպքում միմյանց հանդեպ որեւէ այլ պահանջ չունեն: Երկու կողմերն էլ ստորագրել են համաձայնությունը, սակայն ինչ-որ ժամանակ անց Քարոլինը Նունուֆարի դեմ հայց է ներկայացրել դատարան: Իսկ իր բարեկամուհու` դատավոր Գայանե Կարախանյանի անվան հիշատակումը նախորդ հոդվածում տիկին Նունուֆարը համարում է անհիմն` ասելով, թե ինքն իրոք Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է. «Սակայն ես նրան չեմ դիմել, ու նա չի էլ իմանում, որ ես նման պատմության մեջ եմ ընկել»: Նունուֆարը անհեթեթություն է համարում նաեւ իրեն ուղղված մեղադրանքը, իբր թե ինքը 150 հազար դոլարով կաշառել է Վճռաբեկ դատարանի դատավորներին (150 հազար դոլարի մասին գրված է Քարոլին Բաղումյանի` ՀՀ նախագահին ուղղված երկրորդ նամակում` տպագրված «Ազգի» նույն համարում): Վճռաբեկ դատարանի որոշումը հօգուտ Նունուֆար Հովհաննիսյանի արդեն ուժի մեջ է, սակայն Քարոլինը ձգձգում է իր պարտավորության կատարումն ու չի վճարում այն 40 հազար դոլարը, որը Նունուֆար Հովհաննիսյանը ծախսել է նրա առանձնատան կառուցման վրա: Նունուֆարը եւս մի անգամ ընդգծում է, որ Քարոլինին հանձնել է ոչ թե կիսակառույց, այլ պատրաստի մի առանձնատուն: Եվ բացի առանձնատան հողամասը գնելուց ու տունը կառուցելուց` Նունուֆարը Քարոլինի գումարով նաեւ այլ հողամասեր է գնել հենց Քարոլինի համար: Հետեւաբար դատարանի որոշումը հօգուտ իրեն Նունուֆարը միանգամայն արդար ու տրամաբանական է համարում. «Փաստերն ու ապացույցներն էլ դա են ցույց տալիս»: Հարցին` իսկ ինչպե՞ս է եղել, որ հավատացել է Քարոլինին ու վստահության ի՞նչ հիմքով է 40 հազար դոլար պարտք վերցրել նրա տան վրա ծախսելու համար, Նունուֆարը պատասխանում է. «Ես անշահախնդիր կերպով շատերին եմ օգնել, ու կան մարդիկ, որ իմ ասածը կարող են հաստատել: Իսկ Քարոլինն իր սփյուռքահայ լինելը «դրոշ» է սարքել, սակայն նման սփյուռքահայեր, ինձ թվում է, մեզ պետք չեն»: Այսօր Նունուֆար Հովհաննիսյանի հանգիստ կյանքը խանգարվել է. ըստ նրա` Քարոլինը շարունակ հետեւում է նրան, չարախոսում նրա հասցեին ու անհեթեթ մեղադրանքներով դիմում աջ ու ձախ. «Նույնիկ մի անգամ փողոցում ավտոմեքենան քշել է վրաս»: Նկար 1. Ամերիկահայ Քարոլին Բաղումյանը Նկար 2. Քարոլին Բաղումյանի առանձնատունը |