ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒՐԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Պղծելով ճշմարտությունը պղծում ենք սեփական ողբերգությունը»: Մի առիթով հայտարարել է իսրայելցի ժամանակակից պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը , որ վերջին 30 տարվա ընթացքում ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունն ու փորձել հրեա հասարակությանն ու իշխանությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը: Յաիր Աուրոնը Երեւանում էՙ ներկայացնելու «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն տարբերակը: Մինչ այդ ընթերցողի սեղանին արդեն կային գրքի եբրայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակները «Որքան էլ դժվար լինի ընդունել, իմ գրքում փորձում եմ ասել միայն ճշմարտությունը: Շատերն այն իսկապես ընդունում են ճշմարտություն, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում», ասում է Աուրոնըՙ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է 1982-ինՙ Իսրայելում կազմակերպված քննարկմանը, որտեղ ներկայացվեց Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ ընթացքում Աուրոնը մի քանի անգամ մասնակցել է նմանատիպ քննարկումների եւ որոշել ուսումնասիրել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Իմ գրքերից մեկումՙ «Ուրացման անհեթեթությունը», մանրամասն ներկայացնում եմ Իսրայելի կեցվածքը: Առաջին անգամ է, որ երկու շատ կարեւոր տերմիններՙ ողջակիզում ու ցեղասպանություն, միավորվեցին: Իսրայելում դրանք տարբեր հարթություններից են դիտարկվում, այսինքնՙ ողջակիզումը մի բան է, ցեղասպանությունըՙ մեկ այլ»: Ոչ միայն Աուրոնը, այլեւ Իսրայելում բազմաթիվ քաղաքագետներ հավաստիացնում են, որ ողջակիզումը տեղավորվում է ցեղասպանության կատեգորիայի մեջ: «Ինձ համար ցավալի է, որ մինչ օրս Իսրայելն այս տերմիններն անընդունելի է համարում: Մենք պայքարում ենք, որպեսզի ողջակիզումն ու Հայոց ցեղասպանությունն իրարից չտարանջատվեն, բայց, ցավոք, դեռեւս հարցի կապակցությամբ արձանագրում ենք միայն ձախողումներ»: Ձախողումներին զուգահեռ Աուրոնը ներկայացնում է նաեւ հաջողություններ. դրանք թեպետ փոքր են, սակայն նման խնդրի պարագայում յուրաքանչյուր առաջընթացն էլ հաղթանակ է: «Արդեն 8 տարի Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի Քնեսեթում է: Սկզբում Քնեսեթը մերժում էր, որ Հայոց ցեղասպանության հարցն անգամ օրակարգ մտնի, բայց 2013-ին հարցը մտավ Քնեսեթի օրակարգ, եւ պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց: Սա նշանակալից ձեռքբերում է: Մենք պայքարում ենք Իսրայելի հակաբարոյական կեցվածքի դեմ: Բարոյական չէ, որ անցյալի պատճառով Իսրայելը փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը»: Այս համատեքստում Աուրոնը հիշատակում է, որ բազամթիվ երկրներ նույնպես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա աշխարհի մեղքն է: Փաստորեն այս կերպ աշխարհն ապացուցում է, որ չի կարողանում կանխել նման դեպքերը: «Թեպետ աշխարհը պետք է լուրջ պատասխանատվություն կրի, սակայն շատ հաճախ նրա վերաբերմունքը հասնում է ցինիզմի», ասում է Աուրոնՙ հիշատակելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը սենատորի կարգավիճակում խոստանում էր ընտրվելու պարագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո խոստումը չկատարեց: «Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» հարցին Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանը մատնանշում է թուրք-իսրայելական հարաբերություններն ու շեշտում, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի հետ ունի քաղաքական, տնտեսական եւ ռազմական շահեր եւ չի ցանկանում թուրք-իսրայելական հարաբերությունները վնասել: Ցաբանը Հայոց ցեղասպանությանը խնդիրն ուսումնասիրում է արդեն 24 տարի, նա այս հարցը բարձրացրել է Քնեսեթում եւ եղել է հրեա առաջին պետական դեմքերից մեկը, ով որպես նախարար այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան եւ մասնակցել ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին: «Դա դարձավ ավանդական, եւ երբ ապրիլին Իսրայելում եմ լինում, անպայման ապրիլի 24-ին մասնակցում եմ հայկական միջոցառումներին: Ես որպես հրեա պետք է դեմ լինեմ Հայոց ցեղասպանության ուրացմանը: Մենք պետք է մտածենք նաեւ այլ ազգերի ցեղասպանության ուրացման մասին: Սա առաջին կարգի բարոյական ու քաղաքական հարց է, քանի որ կանխարգելելու է ապագայում ծրագրված բոլոր ցեղասպանությունները: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հետամուտ լինի դրա կանխմանը: Մենք պետք է մտածենք եւ ստեղծենք մի ընդհանուր հանձնաժողով, որը կզբաղվի ցեղապանությունների դեմ պայքարով», եզրափակեց Ցաբանը: (Այս մասին կարդալ նաեւ 4-րդ էջում Զ. Բալայանի գրությունը, որը նախաբանն է Յաիր Աուրոնի գրքի): |