RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 914, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային :

Նախագահը ողջունել է հյուրին եւ շնորհավորել Ուկրաինայինՙ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում եւ հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ներդրումը նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում: Նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵԱՀԿ ինստիտուտների միջեւ հետագա համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանըՙ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել միջազգային այլ կազմակերպություններ եւ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությամբ, Հայաստանը անշեղորեն պաշտպանել է եւ շարունակում է պաշտպանել բանակցային ներկայիս ձեւաչափըՙ որպես հակամարտության կարգավորման միակ եւ գործուն ձեւաչափ», - ասաց ԱԺ նախագահը:

Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` Իվան Կոժարան այս համատեքստում նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց նաեւ հասարակությունների միջեւ շփումների ակտիվացումը, որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ