ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԻՆՍՈՒԼԻՆ Ի. Պ. Պետական միջոցներով դեղերի ձեռքբերման թեմային երեկ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ամերիկյան «Էլայ Լիլիի» ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանը : Նրա խոսքով` մասնագիտական մոտեցման բացակայության խնդիր ունենք, իսկ դեղերի ձեռքբերման վերաբերյալ առողջապահության նախարարությանը ընկերությունն արել է բազմաթիվ առաջարկներ, որպեսզի դեղերը ձեռք բերվեն անմիջապես արտադրողից ու ավելի էժան: Սիլվա Բարսեղյանը նախարարություն դիմել է գրավոր` առաջարկելով, որ պետական գնումների մրցույթում գնվեն միայն բրենդային արատադրության դեղեր: Բանախոսը նշեց, որ 2013-ի պետական գնումներով նախարարությունը հնդկական մի ընկերությունից գնել է դեղեր, որոնք Հնդկաստանում գրանցված չեն, սակայն մեզ մոտ գրանցել են: Կոնկրետ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված ինսուլունի վերաբերյալ Սիլվա Բարսեղյանն ասում է` «Էլայ լիլլի» ընկերությունից նախարարությունը կարող է գնել բարձրորակ ինսուլին մատչելի գնով: Նախարարությունը, ճիշտ է, դիմել է «Էլայ լիլլի» ընկերությանը ու եւս 2 կազմակերպության ինսուլինի մատակարարման համար, սակայն Սիլվա Բարսեղյանի տվյալներով` կազմակերպություններից մեկը (բանախոսը անուններ չի նշում) տրամադրում է կիսասինթետիկ, ցածրորակ ինսուլին: «Բացի դրանից` մեր առաջարկած ինսուլինը 1163 դրամով ավելի էժան է, քան վերոնշյալ ցածրորակ ինսուլինը, եւ մեր ինսուլինը գնելու դեպքում 5 տարվա ընթացքում պետությունը կարող է խնայել ավելի քան 251 միլիոն դրամ», ավելացրեց բանախոսը: Սակայն նախարարությանն արված առաջարկներից հետո «Էլայ Լիլլի ընկերությունը պատասխան դեռեւս չի ստացել: |