ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒԹ ՆԵՐՍԵՍՅԱՆ, ՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ ՎԵՐ. ՄԿՐՏԻՉ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ների տրամադրվել է ապատեղեկատվություն Հայաստանյայց ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) եւ Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ՀԱԸՀՄ) գործունեության վերաբերյալ: Ի պատասխան վերոնշյալիՙ տեղեկացնում ենք.
ՀԱԸՀՄ-ն 1991 թվականից բարեսիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: ՀԱԸՀՄ-ն ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ 1992 թվականից Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպում է ամառային հանգստի եւ բակային ճամբարներ, որոնցում մինչեւ այսօր հանգստացել է ավելի քան 140 000 երեխա: 2012 թվականին Հանքավանի «Շիին Շողիկ» ամառային հանգստի ճամբարում երիտասարդների հերթափոխի ժամանակ կազմակերպվել է սեռական դաստիրակությանը նվիրված սեմինար: Ծրագրին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ եւ 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն անցկացրել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ արժանացել մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների: Վրեժ Շահրամանյանի վկայությամբՙ վերոնշյալ ծրագիրը մշակվել է մասնագետ բժիշկ- սեքսապաթոլոգների եւ հոգեբանների կողմից եւ նախատեսված է պատանիների եւ երիտասարդների համար անկախ սեռերի տարբերությունից: Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների: Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր եւ ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի: ՀԱԵ-ն եւ ՀԱԸՀՄ-ն եւ սեռական դաստիրակության վերաբերյալ որեւէ այլ սեմինար կամ դասախոսություն ընդհանրապես չեն կազմակերպել: Ինչ վերաբերում է ապատեղեկատվության մեջ արծարծվող ցանցային «Քյունետ» բիզնես ծրագրին, ապա տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ն եւ ՀԱԸՀՄ-ն որեւէ առնչություն չունեն վերոնշյալ ծրագրի հետ եւ չեն խրախուսում ցանկացած մեկի մասնակցությունը տվյալ ծրագրին: Տեղեկացնենք, որ այսօր Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ իրենց ծնողների կամ խնամակալների հետ: Հուլիս-օգոստոս ամիսներին ճամբարում կհանգստանան նաեւ Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ: |