RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱՐՅԱՆ ՊԵՍ ԹԱՆԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՆՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Օրերս Արցախում էր ժամանակակից հայ արձակի նշանավոր դեմքերից մեկըՙ Լեւոն Խեչոյանը: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կայացած հանդիպմանը մասնակցում էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, գրողի արվեստի եկրպագուներ, լրագրողներ, ուսանողներ:

Դեռեւս 1989 թվականին, Լեւոն Խեչոյանը, երբ «Գարուն» ամսագրում երեւաց իր առաջին գործովՙ «Խնկի ծառեր» վիպակով, արդեն սկսվել էր արցախյան ազգային¬ազատագրական շարժումը: Դա բոլորովին ուրիշ ժամանակ էր, ուր ամեն ինչ պետք է ունենար ճշմարտության դրոշմ:

«Խնկի ծառերը» հեղինակի տոհմի, գերդաստանի պատմությունն է, բայց տաղանդավոր գրողի ձեռամբ դարձավ նաեւ մեր դիմանկարը, ուր անցյալն ու ներկան թեեւ հաճախ հայտնվում են նույն ժամանակում, բայց ժամանակները չեն խառնում եւ իրենցով երեւացրած ապագայի տեսլականը հենց մեր երթի շարունակությունը պիտի դառնար: Երեւան գալով փոթորկուն ժամանակում, «Խնկի ծառերը» կարողացավ ժամանակի փորձությունն իր մեջ տարալուծել եւ իր բաժին հիշեցումն անել. անարմատ ծառը երբեք սաղարթ չի տա: Երբ պատերազմ եղավ մեր աշխարհում, Լեւոն Խեչոյանը դարձավ իր հայրենիքի զինվորը: Պատերազմից հետո երեւացին նրա պատմվածքների ժողովածուները, իսկ «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպն արժանացավ ՀՀ «Ոսկե եղեգն» պետական մրցանակին:

ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը իր ուրախությունը հայտնեց օրվա հանդիպման առթիվ, Լեւոն Խեչոյանի հայ գրականություն բերած արձակը համարելով մեր դասականների արվեստի լավագույն ավանդույթների նոր շարունակություն :

- Նրա ստեղծագործությունների մեջ շարժվում է պատմության ու ժամանակի արյունը: Սպիտակ թղթի վրա սեւ թանաքով նկարվում է մի պատկեր, որը մնայուն է հայ գրականության մեջ: Գեղարվեստական գրականությունը պատկեր է, որի հիմքը կոնֆիլկտն է: Կարողանալ մտածողությունը ներառել մեկ բառակապակցության կամ բառի մեջ, հենց դա է այն գաղտնիքը, որ Աստված դնում է իր ընտրյալների մեջ,- իր խոսքում նշեց Վարդան Հակոբյանը, հավելելով, որ Լեւոն Խեչոյանի ստեղծագործության առանձնահատուկ որակներից մեկն էլ արագ տեղաշարժն է բառից-բառ, որը տանում է գեղարվեստական մտքի դինամիկայի:

Լեւոն Խեչոյանի արձակը լոկ հայկական միջավայրում չէ, որ հնչեղ է: Նրա գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով: Մարդկային ցավը հասու է բոլորին եւ այդ ցավի արծարծումը, նրա խորքը տեսնելու մղումը նույնքան հոգեհարազատ է բոլորին, ուստի արվեստագետը իր ստեղծագործությամբ, իր արարումով դառնում է նաեւ այլ ժողովուրդների մտերիմն ու հոգեկիցը: Վերջերս նրա գործերի ուկրաիներեն թարգմանության առթիվ հայկական մամուլում եւ մասնավորաբար «Ազգ»ում, հրապարակումներ եղան` ուկրաինացի գրողների, մտավորականների կարծիքներ, որոնք ոչ միայն հիացական էին, այլեւ ունեին հենց մեր կողմից առաջ քաշված ու մեզ համար էլ կարեւորագույն մի խնդրի շեշտադրում: Լեւոն Խեչոյանի գործերը մարդուն տրված եւս մեկ հնարավորություն ենՙ լրջորեն խորհելու ինքն իր մասին, ելքեր փնտրելու:

Խոսքն ագուցել աննշան թվացող մանրուքին եւ այն դարձնել մարդկային որակ, ապրած կյանքը բնորոշող հատկանիշ, նաեւ ճակատագիր, թերեւս միայն ստեղծագործական մեծ շնորհքի ուժով է հնարավոր:

Գրողի ստեղծագործության գեղագիտական սկզբունքը ինքնաճանաչողությունն է, այսինքն` մարդերգությունը, դրանով է նա արարում իր աշխարհը, հետեւում իր հերոսների կյանքին, նրանց արարքները քննության ենթարկում: Մարդու հոգում տեղ գտած ցավի մասին գրելը հենց անսահման սերն է մարդու հանդեպ: Թող որ մարդը հաճախ կյանքի դրամատիկ իրավիճակներում իրեն դրսեւորի թույլ եւ ուժեղ որակներով, ինքնահաշտության ճանապարհը չի կորսվել, որ դարձ է դեպի ինքն իրեն, իր մարդեղեն ավազանը սեփական հոգում գտնելու խիզախությունը: Խոստովանենք. սա սովորական մահկանացուից շատ ջանքեր է պահանջում, բայց հաջողության պարագայում նրան պահում է Աստծուն մերձ, այսինքն օրհնյալ...

Ահա այս դժվարին ինքնավերադարձի մասին է Լեւոն Խեչոյանի խոսքը. «Սիրիր քո մերձավորին» պատվիրանը նրա համար ընդարձակում է ե՛ւ խոսքի տիրույթները, ե՛ւ այդ խոսքն ընդունողների շրջանակը: Բառը նրա համար նույն ատոմն է, որն իր տրոհմամբ բերում է հզոր էներգիա եւ Լեւոն Խեչոյանի ստեղծագործությունում բառի ամեն նոր տրոհումը վերածվում է խոսքի զորեղության:

Հանդիպմանը խոսք ասաց նաեւ բանասիրական գիտությունների թեկնածու, արձակագիր Կիմ Գաբրիելյանը: Նշենք, որ նրա գիտական ատենախոսության թեման եղել էր «Լեւոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները»: Խեչոյանի հետ ունեցած երկար տարիների մտերմությունը, բնականաբար, օգնում է նրա ստեղծագործության տանող ճանապարհը անցնել առավել գունեղ, ուստի բանախոսի խոսքը համեմված էր հետաքրքրական մանրամասներով: Կիմ Գաբրիելյանը նաեւ նշեց, որ Լեւոն Խեչոյանն ավարտել է «Մհերի դուռը» վեպը, որի վրա աշխատել է 15 տարի եւ թերեւս շուտով ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու գրքին:

Իր ելույթում Լեւոն Խեչոյանը նշեց.

- Խուսափում եմ հանդիպումներից, ելույթներից, քանզի կարծում եմ, որ գրողի ամենալավ ելույթը հենց իր գիրքն է, որն ուղարկում է ժողովրդին: Բայց Արցախում ակամա խախտում եմ այս ավանդույթը ու սիրով եմ հանդիպումներ ունենում եւ ելույթ ունենում: Գրողի գործը դժվար է, տառապալի: Հին ժամանակներում վանական միաբանություններում վանահայրերը հերթով կանգնոմ էին «հսկումի»: Ի՞նչ է դա. ողջ գիշեր վանահայրը պետք է ծնկաչոք աղոթեր եկեղեցում, որ չարը, թշնամին իր հայրենիքին չմոտենա, չվնասի երկիրը: Գրողը, արվեստագետը հենց «հսկումի» ելած վանահայրն է, ով իր ստեղծագործությամբ ուզում է չարն ու թշնամին հեռացնել իր երկրից: Գյուղաբնակները գիտեն, որ ամենամութ ու փոթորկուն գիշերներին շունը մի քանի բերան հաչում է խավարի ուղղությամբ, գայլահոտ չկա, բայց շունը կանխավ վախեցնում է գազանին: Իմ կարծիքով գրողն էլ նույնն է անում, ընդվզում` ընդդեմ չարի, որպեսզի ժողովուրդը խաղաղ «հսկվի»: Աստված դրա համար է ստեղծել արվեստագետին:

Աշխարհի մեծագույն լավատեսն է գրողը, թե՛ մտահոգությամբ, թե՛ ապագային ուղղված խոսքով: Լեւոն Խեչոյանը դա հաստատում է նաեւ ապրած կյանքով: Արցախյան գոյապայքարի մասնակից է գրողը, ասել է թե դարձել է ազատության զինվոր, կամեցել իր մասնակցությամբ պահ առաջ ավարտել պատերազմը, պահ առաջ խաղաղություն հաստատել: Իր հայրենիքի կենաց ու մահու պայքարին մասնակցի դիրքորոշումն այսօր էլ անսասան է` խաղաղությամբ, ազատությամբ հաղթելու հավատով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ