RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՈՍԿԵԾԻՐԱՆԱՅԻՆ» ԿՐՔԵՐԻ ԱՎԱՐՏ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ավարտվեց տարվա սպասված միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը:

Այս տարի փառատոնը նշանակալից էր լեգենդար Շարլ Ազնավուրի այցով, մասնավորապես աստղի «Աստղի» բացմամբ` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

Փառատոնին, ինչպես նախատեսված էր, ներկայացվեցին երեւանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, ԱՊՀ երկրների կինո, Ռուսական եւ Լեհական ֆիլմերի օրեր, ֆիլմեր առանց սահմանների, «Հայեր. Հայացք ներսից եւ դրսից», «Քույր փառատոներ. Ռոտերդամ եւ Պուսան» արտամրցութային ծրագրերը: Ընդհանուր թվով փառատոնի շրջանակում ներկայացվեց ավելի քան 200 ֆիլմ` շուրջ 96 երկրից: Փառատոնը «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում ներկայացրեց նաեւ հատուկ ծրագրեր` նվիրված Արամ Խաչատրյանի 110-րդ, Արտավազդ Փելեշյանի 75-րդ եւ Ներսես Հովհաննիսյանի 75-րդ հոբելյաններին:

Ի դեպ, շատ հետաքրքրական մթնոլորտում տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին նվիրված երեկոն: Հատկանշական է, որ դահլիճի զգալի մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը կանգնած էին նայում մեծ փաստավավերագրողի ֆիլմերը:

Փելեշյանական սրամտությամբ ու խորությամբ համեմվեց երեկոյի երկրորդ հատվածը` հարց-պատասխան լրագրողների եւ ուղղակի վարպետի արվեստը սիրող մարդկանց շրջանում: Ռեժիսորը հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կրկնեց իր շատ սիրելի խոսքը. «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ` լինի հակառակը»: Փելեշյանը նշեց նաեւ, որ եթե Հայաստանի մասին ֆիլմ նկարահանի, ապա նրանում մեր բնությունը կցուցադրի, քանի որ բնությունը կարող է մեր մասին ամբողջական պատկերացում տալ:

Ի դեպ, փառատոնին ներկայացված էր նաեւ իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, որը ներկայացնում է կինոռեժիսորի հուշերը, որոնք առնչվում են նրա աշխատանքին ու ֆիլմերի ստեղծմանը, մտորումներին եւ այլն:

Մարչելոյի ֆիլմը վերնագրված էր «Փելեշյանի լռությունը» եւ ենթադրվում էր, որ ֆիլմում կբացահայտվի Փելեշյանի լռության գաղտնիքը: Ինչպես Փելեշյանն ընդգծեց, ռեժիսորն իրենից օրինակ է վերցրել եւ լռել է:

Փառատոնի կարեւորագույն իրադարձություններից էր Հայ առաքելական եկեղեցու սահմանած հատուկ «Եղիցի լույս» մրցանակի շնորհումը Արտավազդ Փելեշյանին, որ հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Էջմիածնում:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին նաեւ Իշտվան Սաբոն, Ատոմ Էգոյանը, Ալեն Թերզյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ռոման Բալայանը, Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստելինգը եւ այլք:

Միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակի արժանացավ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչը` իր «Պարունակները» ֆիլմով, իսկ երկրորդ մրցանակին` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզե» ֆիլմը:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմը (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա): Անդրադառնալով միջազգային վավերագրական մրցույթին, նշենք, որ գլխավոր մրցանակին արժանացավ «Սեւ ծովի վերջին ծովահենները» ֆիլմը, ռեժիսոր` Սվյատոսլավ Ստոյանով, իսկ հատուկ մրցանակի` «Աշխարհը, որ մերը չէ», ռեժիսոր` Մահդի Ֆլեյֆել: Հայկական համայնապատկերի գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրան»-ին արժանացավ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը, որն ի դեպ արդեն հասցրել է հաջողություններ գրանցել եւ մրցանակների արժանանալ: Իսկ երկրորդ մրցանակին` Լուսին Դինքի «Սարոյան լենդ» հետաքրքրական ֆիլմը, որը ներկայացնում է Սարոյանի ճամփորդությունը Բիթլիս` հայրենի հող: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային գլխավոր մրցանակին արժանացավ` Լեոն Պրուդովսկի «Բարի գալուստ եւ ցավակցում ենք» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակների արժանացան` Լուկաշ Օստալսկի «Մայրը» ֆիլմը եւ Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմը: Ի դեպ, Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը» ներկայացված էր որպես գերմանական արտադրանք, սակայն ֆիլմը նկարահանվել է Ադրբեջանում` ադրբեջաբցի ռեժիսորի կողմից: Սա մի ապացույց է, որ մենք հանդուրժող ու արվեստը գնահատող ազգ ենք, ժյուրիի խրախուսական մրցանակին է արժանացել նաեւ` Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը», իսկ խրախուսական մրցանակի` ռեժիսոր Դարյա Օնիշչենկոյի «Արեւելաբաղձություն» ֆիլմը: Իսկ ահա Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից մրցանակի արժանացավ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմը, որ երկու սերունդների երկխոսության մասին է, մասնավորապես` ռեժիսորի եւ իր տատի:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արժանացավ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակի` «Ընդհատված մանկություն» ֆիլմի համար, իսկ կինոմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակինՙ ռեժիսոր Սանհուն Փարկի «Սոսկ կյանքը» ֆիլմը:

Սպասենք «Ոսկեծիրանյան» հաջորդ տարվա զարգացումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ