ՕԶԲԻԼԻՍԸ «ԿՈՒԲԱՆԻՆ» ՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում արդյունավետ խաղով աչքի ընկավ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը «Ռուբինի» հետ խաղում «Կուբանին» փրկեց պարտությունիցՙ գրավելով մրցակցի դարպասը (1-1): Նա 74-րդ րոպեին հիանալի իրացրեց տուգանային հարվածը: Խաղից հետո Օզբիլիսը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին հայտնել է, որ իրենով հետաքրքրվում են ինչպես ֆրանսիական «Մոնակոն», այնպես էլ մոսկովյան, ուկրաինական եւ թուրքական ակումբները: Նա նաեւ ընդգծել է, որ Դմիտրի Սելյուկը երբեք իր գործակալը չի եղել: Իսկ ահա Սելյուկը «Կուբանին» սպառնացել է դատի տալ, եթե վերջինս օրինական չգործի հայ խաղացողի տրանսֆերային իրավունքների հարցում. «Երբեք չեմ ասել, թե Արասի գործակալն եմ: Չգիտեմ, թե ինչու են նման բան վերագրում ինձ: Ես զբաղվում են ֆուտբոլիստի իրավական եւ տնտեսական հարցերով: Եթե Արասի իրավունքների հետ կապված հարցերը շատ ավելի հեռուն գնան, ապա ստիպված կլինեմ դիմել դատարան: Երբեք պրոֆեսիոնալ գործունեությանը վերաբերող հարցերում տանուլ չեմ տվել»: Նշենք, որ «Մոնակոն» 6 մլն եվրո է առաջարկում Արաս Օզբիլիսի տեղափոխության դիմաց, սակայն «Կուբանի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին: Իսկ Սելյուկն էլ պնդում է, որ Օզբիլիսի տրանսֆերային իրավունքների մի մասն իրեն է պատկանում: |