«ԲԻԼԴՆ» ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱԿԱՆՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ Գերմանացի լրագրողներն ու մեկնաբանները դժվարանում են ճիշտ արտասանել Մխիթարյանի ազգանունը: Շատերը հարց են տալիս, թե ինչպես պետք է անվանել հայ ֆուտբոլիստինՙ Մյուկտարիա՞ն, թե՞ Միկտարիան: Ուստի գերմանական հանրահայտ «Բիլդ» հանդեսը որոշել է հարցում անցկացնել եւ Մխիթարյանին մականուն տալ: Հանդեսն առաջարկել է Միկի եւ Մյուկե տարբերակները: Ի դեպ, գերմաներեն Մյուկե նշանակում է մոծակ: Մինչ գերմանացիները կսովորեն ճիշտ արտաբերել Մխիթարյանի ազգանունը, Հենրիխը շարունակում է իր հաջող ելույթները Դորտմունդի «Բորուսիայում»: Նա Շվեյցարիայում մասնակցեց թուրքական «Բուրսասպորի» հետ կայացած ընկերական հանդիպման առաջին խաղակեսին ու դարձավ գոլային 2 փոխանցման հեղինակ: Նրա ճշգրիտ փոխանցումներից հետո «Բորուսիայում» գոլերի հեղինակներ դարձան Լեւանդովսկին եւ Օբամեյանգը: Խաղն ավարտվեց «Բորուսիայի» խոշոր հաշվով հաղթանակովՙ 4-1: Այսօր «Բորուսիան» ստուգողական խաղում կմրցի «Լյուցեռնի» հետ: Ի դեպ, Հենրիխն արդեն առաջին մամուլի ասուլիսն է տվել. «Կային մի քանի տարբերակներ, սակայն ընտրեցի «Բորուսիան»: Ընտրությունը կատարել եմ սրտիս թելադրանքով: «Լիվերպուլը» փառահեղ անցյալ ունի, իսկ «Բորուսիան»ՙ ներկա: Ինձ համար գերագույն նպատակը թիմին օգնելը եւ տիտղոսներ նվաճելն է: Ես եւ Մարիո Գյոտցեն տարբեր խաղաոճի ֆուտբոլիստներ ենք, որոնք ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը: Մեկ տարի անց իմաստ կլինի մեզ համեմատելը: Ես դեռ ընդամենը 2 խաղ եմ անցկացրել թիմի կազմում: Ինձ համար մարզաշապիկիս համարը էական նշանակություն չունի, թեեւ նախորդ թիմերում խաղացել եմ 22 համարով: Կարեւոր է ցուցադրած խաղը: Տիրապետում եմ 5 լեզուների, ցանկանում եմ նաեւ գերմաներեն սովորել: Արդեն կարող եմ մեկ-երկու նախադասություն արտասանել գերմաներեն: Մշտապես սովորելու ցանկություն ունեմ: Ընկերուհի չունեմ, միայնակ եմ ժամանել եւ բնակարան եմ փնտրում մարզաբազայի մոտակայքում: Դա ճիշտ է, որ խաղում եմ կյանքից շուտ հեռացած հորս համար: Նա միշտ ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնայի: Այժմ ամեն ինչ անում եմ նրա երազանքն իրականացնելու համար: Արթուր Աբրահամին «Բորուսիայի» մասին չեմ հարցրել: Բայց նա ինձ ասել է, որ եթե ինչ-որ բանի կարիք ունենամ, ամեն պահի կարող եմ դիմել իրեն»: |