ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ 20 ՏՈԿՈՍՈՎ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ` 85 ՏՈԿՈՍՈՎ Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` առաջիկա երեք տարիների սոցիալական ծախսերի մասին 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ մեր հարցազրույցում անդրադարձել ենք հիմնականում սոցիալական ոլորտում կառավարության կողմից ծախսերի կտրուկ ավելացման եւ մասնավորապես` կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մանրամասներին: Այս առումով, առաջիկա տարիներին նախատեսված քայլերը թերեւս աննախադեպ են վերջին 4-5 տարիների ընթացքում, որոնց սպասում էին հարյուրհազարավոր թոշակառուները եւ պետական համակարգում աշխատողները: - Միջնաժամկետ ծախսային ծրագրով ի՞նչ 2 խոշոր ծախսային հոդվածներ են ավելանալու եկող տարի: - 143 մլրդ դրամի եկամուտների ավելացում ենք նախատեսում եկող տարի, որի հիմնական մասն ուղղվելու է նախ` թոշակների 20 տոկոս բարձրացմանը: Խոսքը 37,7 մլրդ դրամի մասին է: 61 մլրդ դրամ էլ ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը: Փաստորեն, այս երկու հոդվածներին միասին գրեթե 99 մլրդ դրամ է հատկացվելու: Երրորդ կարեւոր ուղղությունը` կուտակային թոշակներին է հատկացվելու մոտ 20 մլրդ դրամ, քանի որ եկող տարվանից սկսելու է գործել նոր` կենսաթոշակների կուտակային համակարգը: Կան նաեւ ուղղություններ, որոնք ամեն տարի անխուսափելիորեն ավելացնում ենք: Խոսքը նախ եւ առաջ պաշտպանության ոլորտի ծախսերին է վերաբերում, որոնք այս տարի նույնպես ավելանալու են: - Ավելի կոնկրետՙ թոշակների մասին: Ինչքա՞ն են դրանք ավելանալու եւ որքա՞ն է կազմելու միջին կենսաթոշակը Հայաստանում: - 2014-ին 448 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանալու է մոտ 6 հազար դրամով` ներկայիս միջին ամսական 31 հազար դրամից հասնելով 37 հազար դրամի: 2015-ին կենսաթոշակները եւս 15 տոկոսով կավելանան, եւ միջին կենսաթոշակը կկազմի 43 հազար դրամ: Ուզում եմ ընդգծել, որ փաստորեն 20 տոկոսով թոշակների ավելացումը եկող տարի պետական բյուջեի համար գրեթե 100 մլն դոլար է արժենում: - Քաղծառայողների աշխատավարձերը վաղուց չեն բարձրացվել, եւ նրանց բոլորին հետաքրքում է, թե եկող տարի որքանո՞վ են բարձրանալու իրենց աշխատավարձերը: - Քաղծառայողների ներկայիս միջին հաշվարկային աշխատավարձը կազմում է 171 հազար դրամ: Այստեղ 2014-ին նախատեսվում է աշխատավարձերի միջինը 85 տոկոսով բարձրացում, քաղծառայողների միջին աշխատավարձը կկազմի 317 հազար դրամ` ներառյալ եկամտահարկը, օրենքով նախատեսված երեք տարին մեկ անգամ բարձրացումը: 2015-ին նախատեսվում է եւս 15 տոկոսով աճ եւ 366 հազար դրամ միջին աշխատավարձ եւ 2016-ին էլ մոտ 13 տոկոսով բարձրացում, միջին աշխատավարձը կկազմի 413 հազար դրամ: Սակայն կցանկանայի ընդգծել, որ այս բարձրացումը բոլորին հավասարաչափ չի լինելու, քանի որ եկող տարվանից նախատեսվում է պետական համակարգի աշխատավարձերի նոր սանդղակ, որտեղ կիրառվելու են գործակիցներ նվազագույն աշխատավարձի նկատմամբ: Այսինքն, տարբեր չափերով են այդ գործակիցները կիրառվելու, տարբեր պաշտոնների նկատմամբ: Տեղեկացնեմ, որ նվազագույն աշխատավարձը եկող տարվանից կազմելու է 50 հազար դրամ: - Ուսուցիչների աշխատավարձերը որքա՞ն են ավելանալու: - Ուսուցիչների միջին աշխատավարձը 2014-ին ավելանալու է 17,7 տոկոսով եւ կազմելու 160 հազար դրամ` ներկայիս 140 հազար դրամի փոխարեն: 2015-ին նրանց միջին աշխատավարձը կավելանա եւս 10 տոկոսով, կազմելով 181 հազար դրամ, 2016-ին` 13,6 տոկոսով, կազմելով 206 հազար դրամ` դարձյալ ներառելով հարկերը: Բուհերի դասախոսների միջին աշխատավարձը պետության կողմից ավելանալու է 34 տոկոսով եւ կազմելու մոտ 72 հազար դրամ, ներկայիս 53 հազար դրամի փոխարեն: - Առողջապահության եւ մշակույթի ոլորտում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: - Առողջապահության ոլորտին լրացուցիչ ծախսեր են ավելանալու, ինչի արդյունքում ավելանալու է հիվանդանոցային բուժման մեկ դեպքի գինը: Հատկապես ցանկանում եմ նշել, որ նախատեսվում է ավելացնել ստացիոնար բուժհաստատություններում հիվանդանոցային բուժօգնության դեպքերի հաշվարկային թիվը: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի նկատելի ավելացում է նախատեսվում: Գրադարանների աշխատողների միջին աշխատավարձը 71 հազար դրամից 2014-ին նախատեսվում է հասցնել 106 հազար դրամի, 2015-ին` 116 հազար դրամի, 2016-ին` 132 հազար դրամի, թանգարանների աշխատողներինը` 72 հազար դրամից 2014-ին 94 հազար դրամի, 2015-ին` 103 հազար դրամի, 2016-ին` 117 հազար դրամի, մշակույթի տների աշխատողներինը` 67 հազար դրամից 2014-ին կհասցվի 101 հազար դրամի, 2015-ին` 111 հազար դրամի, 2016-ին` 126 հազար դրամի: - Նախագահի նախընտրական խոստումներից էր 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան միանվագ գումարների կտրուկ ավելացումը: Դա նախատեսվո՞ւմ է իրականացնել 2014-ին: - Այո, 2014-ից 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում պետության կոմից տրամադրվելու է 1 մլն դրամ նպաստ ներկայումս տրվող 430 հազար դրամի փոխարեն, իսկ 5-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում այդ նպաստը կազմելու 1,5 մլն դրամ: Սա, կարծում եմ, պետության կողմից տրվող գումարի զգալի ավելացում է ներկայիս տրամադրվող նպաստի չափի համեմատ եւ այս նպատակով պետական բյուջեից նախատեսվում է շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ ծախսեր, եթե հաշվի ենք առնում այսօրվա ցուցանիշները: - Վերջերս ազատամարտիկներն էին բողոքում իրենց սոցիալական վիճակից: Առաջարկներ ունե՞ք նրանց այս առումով: - Նրանց օժանդակության չափերը դեռեւս քննարկման փուլում են: Դրանք երբ ձեւավորված լինեն, բյուջեի մեջ տեղ կգտնեն: - Իսկ ներկայիս եւ սպասվող գնաճը չի՞ չեզոքացնի թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը` ասենք, եկող տարի: - Ակնհայտ է, որ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման տեմպերը շատ ավելին են, քան գնաճի տեմպը: - Տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշներ եք կանխատեսում ծրագրով առաջիկա երեք տարիներին: - 2014-ին` 6,25 տոկոս, 2015-ին` 6,33 տոկոս, 2016-ին` 6,4 տոկոս: - Տնտեսական աճի եւ լրացուցիչ եկամուտների հավաքման ցուցանիշները ռիսկային չե՞ն: - Տնտեսական աճն ինքնին ռիսկեր է պարունակում, բայց այլընտրանք չունենք դրան եւ այդ աճն ապահովելով, պետք է կարողանանք եկամուտները հավաքել: |