ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱ՞Վ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Haqqin.az-ի տեղեկագրմամբ` երեկ Ադրբեջանի ՊՆ «Գարահեյբաթ» ուսումնավարժական կենտրոնում, որ գտնվում է Բաքվի մերձակայքում, «տրվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկը» (տես http://haqqin.az/news/7556): Զորավարժությունների բացմանը հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովը` նշելով, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»: Ադրբեջանցի գեներալի գնահատմամբ, «առաջին անգամ անցկացվող լայնածավալ համատեղ զորավարժությունները բարձր մակարդակի համատեղ որոշման արդյունք են, դրանց անցկացմամբ կողմերը կատարում են երկու պետությունների ղեկավարների կարեւոր հանձնարարությունները»: Գեներալ Էյվազովը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները գնահատել է նաեւ որպես «տարածաշրջանային կայունության ապահովման նպատակ հետապնդող» քայլ: Ըստ ամենայնիՙ վերջին ձեւակերպումն էլ հենց բնութագրում է Թուրքիա- Ադրբեջան ռազմական համագործակցության հիմնական նշանակությունը: Այդ առթիվ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, որ «փաստորեն ՆԱՏՕ-ն նպատակադրվել է Հարավային Կովկասում ներկայություն ապահովել»: Որքանո՞վ է Թուրքիան Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցությունը համաձայնեցրել ՆԱՏՕ-ի հետ` դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ «համատեղ զորավարժությունների» անվան տակ թուրքական զինված ուժերն Ադրբեջանում կհաստատեն թերեւս մշտական ներկայություն: Խոսքը հրապարակայնացվող ներկայության մասին է, ոչ պաշտոնապես Թուրքիան միշտ էլ ներգրավված է եղել Ադրբեջանում զինված ուժերի ձեւավորմանն ու բանակաշինությանը, ինչպես նաեւ մասնակցություն ունեցել ղարաբաղյան պատերազմին: Ուշագրավ է, որ Բաքվի մերձակայքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին տեղեկատվությանը զուգահեռ երեկ ադրբեջանական մամուլը հայտնի դարձրեց, որ «երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանՙ Դավութօղլուն «կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետի, Միլլի մեջլիսի խոսնակի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, բանակցությունների ավարտին կկայանա համատեղ մամուլի ասուլիս»: Կողմերը կքննարկեն «տարածաշրջանային նախագծերում եւ միջազգային կառույցներում համատեղ գործողությունների հետ կապված հարցեր»: Կհանդիպի՞ Դավութօղլուն թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասնակիցների հետ` այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված չէ: Այդուհանդերձ, ինչո՞ւ բացառել, որ Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Գարահեյբաթ ուսումնավարժական կենտրոն եւ «օրհնանքի» իր խոսքը կասի: Ամեն դեպքում հենց համատեղ զորավարժությունների օրն Ադրբեջանում գտնվելու Դավութօղլուի որոշումը չի կարող «պարզ զուգադիպություն» լինել: Թուրքիան Ադրբեջանում իր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ներկայությանն ավելացնում է նաեւ ռազմական բաղադրիչը: Թուրքիան կարծես «անաղմուկ մտնում է» Հարավային Կովկաս: Ու եթե ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքով նրա այդ քայլերի հանդեպ արեւմտյան դաշինքի երկրների լռությունը դեռ կարելի է «հասկանալ», ապա տարածաշրջանի հանդեպ ավանդաբար «խանդոտ» վերաբերմունք ունեցող այլ երկրների կեցվածքն առնվազն տարօրինակ է: Հատկապես եթե հաշվի առնվի, որ շատ հնարավոր է` Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայությունն ընդամենը «հետախուզական մարտ է» աշխարհաքաղաքական այն վերադասավորումներից առաջ, որոնց մասին վերջին տարիներին համառորեն խոսում են արեւմտյան փորձագիտական շրջանակները: |