RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1368, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՄՈՒԲԱՐԻԶ ԳՈՒԲԱՆԼԻԻ «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին երեկ լրագրողներին ասել է, որ նախագահի ընտրության հետ կապված «քարոզչական միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 18-20-ին»: Կուսակցությունը նախատեսում է ի պաշտպանություն Իլհամ Ալիեւի թեկնածության գրանցման «հավաքել ավելի քան մեկ միլիոն ստորագրություն», երբ օրենքով այդ թիվը 40 000 է:

Գուրբանլիի ասելով, Ադրբեջանում «բոլոր ընտրություններն աչքի են ընկել ընտրողների ակտիվ մասնակցությամբ»: Նա նաեւ որոշակի կանխատեսումներ է արել, թե ովքեր են քվեարկելու Իլհամ Ալիեւի օգտին:

Առաջին հերթին նա նշել է «Ենի Ազարբայջան» կուսակցության ավելի քան 600 000 անդամներին, որ «թեկնածու են առաջադրել Իլհամ Ալիեւին»: Գուրբանլին կարծում է, որ Իլհամ Ալիեւի օգտին քվեարկելու են նաեւ այլ կուսակցությունների անդամներ, միլիոնավոր անկուսակցականներ, որ «պաշտպանում են Իլհամ Ալիեւի քաղաքականությունը»:

Ամենահետաքրքրական հաշվարկը, որ հնչեցրել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը, վերաբերել է ընդդիմադիր ընտրազանգվածին: Նրա գնահատմամբ, կատարված ուսումնասիրությունները «ցույց են տվել, որ արմատական եւ կառուցողական ընդդիմության համակիրների ընդհանուր թիվն ավելին չէ, քան բոլոր ընտրողների առավելագույնը 4 տոկոսը»:

Ըստ այդմ, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը «կստանա ընտրողների ձայների 96 տոկոսը»: Ավելի վաղ, մինչդեռ, «Ենի Ազարբայջանի» գործադիր քարտուղար Ալի Հասանովը վստահեցրել էր, որ «Իլհամ Ալիեւը նախընտրական քարոզչություն չի անի, դրա կարիքը չկա, քանի որ նրա փոխարեն խոսում են իր կատարած գործերը»:

Մինչ իշխանություններն արդեն իսկ տոնում են Իլհամ Ալիեւի «համոզիչ հաղթանակը», ընդդիմությունը երեկ Մոսկվայում եւ Բաքվում երկու միջոցառում է անցկացրել: ՌԴ մայրաքաղաքում կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը հանդիպել է Ռուսաստանի, Եվրոպայի եւ Թուրքիայի «ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ»:

Վերջիններս հավաստիացրել են, որ ընտրություններում «կպաշտպանեն Իբրահիմբեկովի թեկնածությունը»: Իսկ Բաքվում այսպես կոչված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի «Ղարաբաղի հարցով հանձնաժողովը» գումարել է անդրանիկ նիստը: Հանձնաժողովը գլխավորում է պատմաբան Ջամիլ Հասանլին:

Նա իշխանություններին մեղադրել է «Ղարաբաղի հարցը բացառապես նախագահի վերահսկողությանը թողած լինելու» համար եւ ասել, որ «հասարակությունը ոչ մի տեղեկություն չունի բանակցությունների ընթացքից»: Հասանլին նաեւ խստագույնս դատապարտել է ադրբեջանական հեռուստաընկերությունների գործունեությունը, որոնք «տեսասփռում են այնպիսի հաղորդումներ եւ ծրագրեր, որոնք բարոյազրկում են մարդկանց, նպաստում, որ ժողովուրդը մոռանա Ղարաբաղի խնդիրը»:

«Այդ նպատակն են հետապնդում նաեւ միջազգային կառույցները, որոնց ցանկությունն է, որ ադրբեջանական հասարակությունը հաշտվի ներկա դրության հետ»,- պնդել է Ջամիլ Հասանլին: Նա ասել է, որ իրենք «ձեռնամուխ են եղել ԼՂ խնդրի կարգավորման հայեցակարգի մշակմանը», սակայն որեւէ մանրամասնություն չի փոխանցել: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմավորմանը հաջորդած ամբողջ ժամանակաշրջանում իշխանահաճ լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակները Ռուստամ Իբրահիմբեկովի հասցեին հնչեցնում են քննադատություն, որ նա «Ղարաբաղի հարցում տեսակետ չի արտահայտում»:

Վերջին հարցազրույցներից մեկում Իբրահիմբեկովը կարծիք էր հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տարածք է, այլեւ այնտեղ ապրող հայ բնակչություն», ինչի առթիվ արժանացել էր «հայամետ գործիչ» որակման: Կարելի է ենթադրել, որ Մուբարիզ Գուրբանլիի նշած թվերը նկարելու համար իշխանություններն ավելի են սաստկացնելու հակահայ քարոզչությունը եւ պատերազմական հռետորաբանությունը, որպեսզի նկատել տրվի, թե «Ղարաբաղի հարցում ժողովուրդի եւ Իլհամ Ալիեւի մոտեցումները նույնական են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ