ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Բազմազգ Ռուսաստանում վաղուց արդեն ցանկանում են ընդունել օրենք, որով կարգելվի լրատվամիջոցներին ինչ-որ պատահարի ժամանակ կամ հանցագործության պարագայում նշել հանցագործի ազգությունը կամ քաղաքացիությունը, քանի որ «դա կարող է հանգեցնել էթնիկական անհանդուրժողականության ու պատերազմի բազմազգ Ռուսաստանում»: Օրենքի տրամաբանությունը հասկանալի է, հասկանալի չէ, թե ինչո՞ւ այսօր, եթե անգամ այդ օրինագիծը դեռեւս ընդունված չէ, բայց ԶԼՄ-ները պատրաստ են դրան ու գիտակցում են դրա կարեւորությունը, ռուսական լրատվամիջոցները փաստորեն հրահրում են միջէթնիկական բախումներ: Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում «ԿԱՄԱԶ»-ի անսարքությունը եւ հետեւաբար վարորդի անփութությունը դարձել են 18 մարդու մահվան եւ 60 հոգու ծանր մարմնական վնասվածքների պատճառ: Այս կապակցությամբ իր ռուս գործընկերոջը ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռագրում ոչ մի խոսք չկա բեռնատարի վարորդի մասին, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաեւ հայկականները եւ առանձին սոցիալական ցանցերում առանձին մեկնաբան-վերլուծաբաններ, խոսում են ոչ այնքան դժբախտ պատահարից, որքան բեռնատարի վարորդի ազգությունից ու քաղաքացիությունից: «ԿԱՄԱԶ»-ը վարել է Հրաչ Հարությունյանը, նա ՀՀ քաղաքացի է: Այս հանգամանքը ստիպել է մոսկովյան քաղաքային իշխանություններին էլ ավելի խստացնել ներգաղթյալների վերաբերյալ ունեցած օրենսդրությունն ու առհասարակ ներգաղթյալների կեցությունն ու հատկապես աշխատանքը Մոսկվայում դարձնել խիստ անհարմար: Բայց, ի՞նչ կապ ունի այստեղ բեռնատարի վարորդի ազգությունը, ՀՀ քաղաքացիները «ԿԱՄԱԶ»-ը ավելի վա՞տ են վարում, քան ՌԴ քաղաքացինե՞րը, հնարավոր չէ՞ր արդյոք, որ հիշյալ աղետաբեր բեռնատարի ղեկին նստած լիներ հենց ՌԴ քաղաքացի, եւ ազգությամբ ռուս: Հետեւաբարՙ ի՞նչ կարիք կա անընդհատ շեշտելու վարորդի ազգությունն ու քաղաքացիությունը. հայ լինելն ու ՀՀ քաղաքացի լինելը արդեն հանցանք գործելու նախանշաննե՞ր են համարվում Մոսկվայում: Ի դեպ, Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ազգությամբ յակուտ է, ճիշտ է, նա ՌԴ քաղաքացի է, ինչպես եւ բոլոր յակուտները, բայց ի՞նչ կլիներ, եթե որեւէ ազգությամբ յակուտ նման ողբերգության պատճառ դառնար, նրանց կեցությունը Մոսկվայում պետք է անհարմար դարձնեի՞ն: Բացի սրանիցՙ որտե՞ղ է, թեկուզ «անօրինական», ինչպես ռուսական աղբյուրներ են նշում, աշխատել Հրաչ Հարությունյանը, հետեւաբար ո՞ւմ է պատկանել հիշյալ անսարք «ԿԱՄԱԶ»-ը: Հասկանալի է, որ ինչ-որ ընկերության, բայց ո՞վ է այդ ընկերությանը Մոսկվայում աշխատելու իրավունք տվել, անսարք բեռնատարով, մի՞թե ոչ ինքը` Մոսկվայի քաղաքապետարանը եւ անձամբ` Սերգեյ Սոբյանինը: Հետեւաբար, եթե «հայ-վարորդ», ապա «յակուտ-քաղաքապետ», թույլ տվեք... Ոչ ոք չի վիճարկում, որ վարորդ Հարությունյանի անփութությունը դարձել է անմեղ մարդկանց մահվան ու վնասվածքներ ստանալու պատճառ: Հետեւաբար, եթե դատարանը Հարությունյանին մեղավոր ճանաչի (իսկ ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել, եւ նա կալանավորվել է հենց հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր վթարից հետո), ապա Հարությունյանը պետք է կրի իր պատիժը: Բայց ո՞վ է թույլ տվել նվաստացնել ՀՀ քաղաքացուն. այո, նա լավ չի տիրապետում ռուսերենին, չնայած ապրում ու աշխատում է Մոսկվայում, բայց դա քաղաքացուն նվաստացնելու պատճառ չի կարող լինել: Այո, նա Մոսկվայում ապրել ու աշխատել է «անօրինական», բայց դա եւս քաղաքացուն նվաստացնելու առիթ չէ: Այո, նա մեղադրվում է հանցագործության մեջ, բայց անգամ հանցագործը քաղաքացի է, իսկ քաղաքացին` որ երկրի էլ լինի, չպետք է նվաստացվի: Մոսկովյան դատարան ՀՀ քաղաքացի Հարությունյանին բերել են կանացի խալաթով, Մոսկվայում ՀՀ դեսպանատունը, որը, ըստ տեղեկության, «մշտական կապի մեջ է Հարությունյանի փաստաբանի հետ», նշել է, որ «Հարությունյանը հագուստի կարիք չունի», այդ պարագայում ինչո՞ւ նա դատարան սեփական հագուստով չի ներկայացել, գուցե չե՞ն թողել` նվաստացնելու ցանկությամբ, եթե այո, ապա ո՞վ... Հրաչ Հարությունյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, նրա որդին մեկ տարի առաջ մահացել է ՀՀ բանակում, ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հարությունյանի եղբայրն ասել է, որ Հրաչ Հարությունյանը Մոսկվա «մի քանի կոպեկ փող աշխատելու» էր գնացել, որպեսզի «կարգի բերի որդու գերեզմանոցը»... Ի դեպ, Հարությունյանի գործով դատարանում մեղադրող կողմը ներկայացնող դատախազներից մեկը եւս ազգությամբ հայ է, չնայած ՀՀ քաղաքացի չէ: Հ. Գ. - Հարությունյանին իհարկե կտադապարտեն ազատազրկման: Մոսկվայում իհարկե կխստացնեն միգրացիոն օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ Մոսկվայի քաղաքապետարանը դեռ կշարունակի գործունեության իրավունք տալ բազմաթիվ ընկերությունների, որոնք ունեն անսարք մեքենաներ եւ սարքավորումներ, օրինակ, շինարարական: |