ԿՈՉ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 17 հուլիս, 2013, Երեւան Փրկենք հայոց հուշարձանները Հարգարժան բարեկամ, Այս կոչիս նպատակը պատմական Հայաստանի եւ մասնավորապես Արեւմտյան Հայաստանի տարածքում տարի առ տարի ավերվող-անհետացող հայոց հուշարձանների վերջնական կործանումից փրկության մտահոգությունն է: Հուշարձաններ, որոնք հայ ժողովրդի ստեղծած նյութական ժառանգության կարեւորագույն արժեքներից են: Բազմաթիվ անհերքելի փաստերի վկայությամբ` Հայոց Մեծ Եղեռնից հետո անխնամ մնացած մեծ ու փոքր այդ արժեքները պարբերաբար եւ անարգելի ենթարկվում են գանձախուզությունների ու ավերումների, հիմնահատակ ու ծրագրված կործանումների ու պայթեցումների: Դարերի թոհուբոհից դեռեւս մեր օրերը հասած VII-XIX դդ. շատ ու շատ վանքերի ու եկեղեցիների, նրանց համալիրների մեջ մտնող շինությունների հիմնապատերի արտաքին շարվածքների քարերը` հիմքերից 1,5-2 մ եւ ավելի բարձրություններով, պոկված-հանված են, գերեզմանոցները` գրեթե իսպառ վերացվել են, տապանաքարերն ու խաչքարերը, հուշարձանապատկան քարերը օգտագործվել կամ օգտագործվում են զանազան շինարարություններում... Այդ հսկայածավալ ժառանգության մեծ մասը թերեւս վերջին 40-50 տարիներում փաստագրված են, դեռեւս` առանձին բացառություններով, չեն ենթարկվել հիմնարար եւ բազմակողմանի ուսումնասիրությունների, որոնց զգալի մասը նույնիսկ ծանոթ չեն մասնագետներին, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հայ եւ օտարազգի ուսումնասիրողներին: Այսպիսի ողբալի վիճակում գտնվող այժմյան Թուրքիայի տարածքի հայոց հուշարձանները կամ նրանց գերակշիռ մասը, պարբերաբար ենթարկվելով մարդու եւ բնության կործանարարությանը, կարող են դիմակայել եւս 20-50 տարի: Մենք` Հայաստանի, Արցախի հանրապետությունների քաղաքացիներս եւ աշխարհասփյուռ հայությունը, մեր պետական եւ ազգային կառույցները, մեզնից յուրաքանչյուրը ոչ մի բարոյական ու իրավական իրավունքը չունի իր նպաստը չբերելու հայոց նյութական ժառանգության այդ հատվածի (նաեւ այլ պետությունների տարածքներում գտնվող) գլխին կուտակված վտանգի դեմն առնելու, այն` ըստ հնարավորինս կանխելու գործին: Սա ուղղակի պետական ու ազգային արժանապատվության խնդիր է եւ այդ խնդրում մեզանից ոչ ոք իրավունք չունի անտարբերություն ու կրավորականություն ցուցաբերելու: Այնպես, ինչպես մենք ազգովին ու պետականորեն, լուռումունջ մնալով դա թույլ տվեցինք, բացաչք կուրությամբ ականատես եղանք 1989-2006 թթ. Ադրբեջանի կողմից հայոց Նախիջեւան աշխարհի ողջ հայկական ժառանգության կործանմանը, որի ընթացքում գետնի երեսից իսպառ վերացվեցին շուրջ 27 հազարի հասնող մեր ժողովրդի ստեղծած նախիջեւանյան բոլոր մեծ ու փոքր հուշարձանները: Ի վերջո սթափվենք... Սթափվենք պետականորեն, ազգայնորեն, իրական եւ ոչ թե ճառաբան ու բաժակաճառային հայրենասիրությամբ, սրտացավ ու գործունյա եւ ոչ թե ցուցադրական ու ցուցամոլական մեկենասություններով... Հարգարժան բարեկամ, Հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա չկարգավորվող պետական հարաբերությունները, ինչպեսեւ հուշարձանների պահպանության խնդիրների ստեղծված առկա եւ օրեցօր վատթարացող խիստ վտանգավոր վիճակը, անհրաժեշտություն է, որպեսզի այդ խնդիրներին ինչ-որ կերպով լուծում տալու համար ստեղծվի հայկական հուշարձանների պահպանության համահայկական միջազգային կառույց (կազմակերպություն, հիմնադրամ, ասոցիացիա): Այն պետք է լինի ոչ պետական եւ գործի ուրույն կանոնադրությամբ, վայելի ՀՀ պետական մարմինների, Արցախի, Սփյուռքի ազգային կառույցների, հայոց եկեղեցու հովանավորությունն ու աջակցությունը: 1. Իմ համոզմամբ ստեղծվելիք այս կառույցի կենտրոնական գրասենյակը պետք է իր պետական գրանցումը ստանա եւ գործի Հայաստանի Հանրապետությունից դուրս` եվրոպական երկրներից մեկում (այդ թվում եւ Թուրքիայում): 2. Կառույցը իր մասնաճյուղ-գրասենյակները պետք է ունենա աշխարհի այն բոլոր երկրներում (այդ թվում եւ ՀՀ-ում եւ Արցախում), որտեղ առկա են հայկական համայնքները: 3. Կառույցի դրամական միջոցները պետք է գոյանան հայկական բոլոր ազգային կազմակերպությունների, ՀՀ եւ Արցախի պետական եւ մասնավոր ձեռնարկությունների, ընկերությունների, եկեղեցու, անհատ նվիրատուների, մեծահարուստների ու գործարարաների ներդրած մուծումներից: 4. Կառույցը իր գործունեությամբ պետք է կատարի. ա) Հուշարձանների պահպանություն (կատարելով պահպանության ծառայություններին ամենամսյա վճարումներ): բ) Մանրամասնորեն փաստագրի մեր օրերը հասած հուշարձանների վավերագրական վիճակը: գ) Միջոցներ ձեռնարկի հուշարձանների ամրակայման եւ առանձին դեպքերում նաեւ նորոգումների ու բարեկարգումների աշխատանքներ իրագործելու համար: դ) Կատարի հրապարակումներ (հաշվետվություններ, գիտահանրամատչելի գրականություն, ուսումնասիրություններ): Նշածս կառուցվածքային ու կատարողական այս կետերը նախնական-ծրագրային են, որոնք ըստ կարգի իրենց հաստատումը, լրացումները ու շտկումները պետք է ստանան հիմնադրվելիք կառույցի հիմնադիր ժողովում եւ նրա կանոնադրությունում: Իսկ այս ամենին ընթացք տալու եւ կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեւավորել-կազմել կառույցի հիմնադիր ժողով-հավաքի աշխատանքները իրականացնող ձեռնհաս մասնագիտական նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խմբի ձեւավորումը պետք է կատարվի կամավորական հիմունքներով` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների, գիտական ու ազգային կառույցների, մտավորականության, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներից: Մարդիկ, ովքեր իրենց անբասիր ու անաղարտ կենսագրություններով ու իրենց գործունեությամբ գտնում են, որ իրենք կարող են օգտակար լինել թե՛ նախաձեռնող խմբի եւ թե՛ կառույցի ձեւավորող ստորաբաժանումների աշխատանքներին: Անձնապես շատ լավ եմ պատկերացնում առաջարկվող կառույցի ստեղծման թե՛ դժվարությունները եւ թե՛ մանավանդ նրա գործունեության իրականացման բազմազան ու բազմաթիվ, նույնիսկ անհաղթահարելի դժվարությունները: Նախապես ականջալուր եմ եւ տեսնում եմ նաեւ շատերի անտարբերությունը, նույնիսկ արհամարհական ու ժխտողական վերաբերմունքը` «բան չի ստացվի», «անօգուտ եւ անիմաստ է, հեռանկար չունի», «էլի մի համահայկական կառույց», «դա պետք է պետությունը ձեռնարկի», «այս խնդիրները ՀՀ-ում ինչպես հարկն է չենք կարողանում իրականացնել, էլ ուր մնաց դրսում» եւ այլ ոչ անհիմն դիրքորոշումները... Այնուհանդերձ, գտնում եմ, որ ստեղծվելիք կառույցը թերեւս միակ ուղին է, որպեսզի մենք սթափ մտածելով, առկա սպասվելիք դժվարությունների հաղթահարումների հավատով` թեկուզեւ այսքան ուշացումով, ձեռնամուխ լինենք մեր հուշարձանները կործանումից փրկելու սրբազան ու համահայկական գործին: Անշուշտ դժվար է լինելու կառույցի աշխատանքը: Այնպես որ մեզանից բացի ոչ ոք պարտավոր չէ, մեր ժողովրդի ժառանգության պահպանության դժվարին լծի տակ մտնելու... Կկազմակերպե՞նք, կաշխատե՞նք, մեր ունեցած միջոցներից մասնահանումներ կանե՞նք, մեր հոգու ու ոգու պարտքը կկատարե՞նք մեր ապուպապերի ու նրանց ստեղծած-թողածը արժանավայել պահել-պահպանելու եւ ապագա սերունդներին հանձնելու համար... Այդ դեպքում գուցեեւ մեզ հաջողվի թերեւս փրկենք ինչ-որ չափ ու քանակով մեր մունջ ու աղեկտուր ճիչերով օգնություն աղերսող հուշարձանները... Հակառակ պարագայում` առաջիկա տասնամյակներում հազար-հազար ափսոսանքներով ու կսկիծներով, վիճակագիր-հաշվապահների նման կարձանագրենք նրանց կործանումների հաշիվ-հաշվարկները, կմնանք անցյալով հպարտանալու մարմաջի գերին... Եվ այդ դեպքում մեր այժմյան անտարբերություն-անգործությունը կդառնա պատմական ու ազգային անանց ամոթ... հազար ամոթ ... Նախատեսվում է նախաձեռնող խմբի առաջին նիստը գումարել Երեւանում 2013 թ. նոյեմբերի 15-ին, ժամը 15-ին, Հայաստանի ճարտարապետների միության փոքր դահլիճում: Մինչ այդ` նախաձեռնող խմբում աշխատելու համար, ցանկացողները, ինչպեսեւ կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց թեկնածությունները պետք է առաջադրեն գրավոր` Սերգեյ Փարաջանովի թանգարան, էլ. փոստ parajanovmuseum@gmail.com հեռ. +374 10 53 84 73: Խնդրվում է թեկնածությունները ներկայացնելիս անպայման ներկայացվեն թեկնածուների կապի միջոցները (էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարները): Ակնկալում եմ, որ այս կոչը կկարեւորեն եւ կհրապարակեն թե Հայաստանի եւ թե Սփյուռքի թերթերը եւ այլ լրատվամիջոցները: Լրացուցիչ տեղեկությունների համար կապ կարելի է պահպանել տողերիս հեղինակի հետ հետեւյալ կապի միջոցներով` էլ. փոստ - argamaivazian@aol.com, հեռ. +374-091-78-80-33: |