RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



ԵՐԵՎԱՆ

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 772, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸՙ ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը կազմում են արաբատառ ձեռագրերը (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն եւ այլն): Դրանց նկարագրումը եւ ուսումնասիրումը Մատենադարանի գործունեության կարեւոր ուղղություններից է:

Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի եւ Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջեւ, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթացՙ օժանդակությամբ Տեսաուրուս Իսլամիկուս հիմնարկության (Thesaurus Islamicus Foundation):

Մատենադարանի նորաստեղծ Արաբատառ ձեռագրերի բաժնի հրավերով Հայաստան ժամանեց եւ դասընթացը վարեց Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, «Journal of Islamic Manuscriptsե պարբերականի գլխավոր խմբագիր, վաստակաշատ արեւելագետ Յան Յուստ Վիտկամը:

Դասընթացին մասնակցեցին 30-ից ավելի արեւելագետներ, բանասերներ, պատմաբաններ, ձեռագրագետներ, արվեստաբաններ Հայաստանից եւ արտերկրից:

Դասընթացն իր տեսակի մեջ բացառիկ էր եւ առաջին անգամ էր կազմակերպվում Երեւանում: Հինգ օր տեւած դասընթացը բաղկացած էր առավոտյան (դասախոսություններ) եւ հետկեսօրյա (գործնական պարապմունքներ) մասերից: Առավոտյան նիստերին մասնակցեցին 32 անձ Մատենադարանից, Երեւանի պետական համալսարանից եւ այլ հաստատություններից: Իսկ ամբողջական դասընթացին (դասախոսություններ ու գործնական պարապմունքներ) հետեւեցին թվով 12 անձ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրման եւ ուսումնասիրման բաժնից: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մի որոշակի խումբ խնդիրների: Այդ մի քանի օրերի ընթացքում աստիճանաբար բացահայտվեցին արաբատառ ձեռագրերի յուրահատուկ կողմերը, առանձնահատկություններն ու բացառիկ նմուշները: Հատուկ դասախոսություններով պրոֆեսոր Վիտկամը անդրադարձավ դարերի ընթացքում օգտագործված գրանյութերին, մագաղաթի ու թղթի տեսակներին, գրքերի ու պրակների կազմմանն ու ձեւավորմանը, գրաձեւերին ու նրանց ողջ բազմազանությանը, կազմերի պատրաստմանը, ամենատարբեր նշանների ու պատկերների խորհրդանշական իմաստներին:

Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ հետեւեցին ինչպես դասախոսություններին, այնպես էլ գործնական աշխատանքներին: Դասընթացն անկասկած կնպաստի Հայաստանում պահվող արաբատառ ձեռագրերի նկարագրման եւ ուսումնասիրման աշխատանքներին: Երեւանի Մաշտոցյան Մատենադարանը եւ Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցությունը շարունակելու են գիտական ու կրթական կապերը, որոնց արդյունքում նոր, հետաքրքրական ծրագրեր կիրականացվեն մոտ ապագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ