«ԳՅՈՒՄՐԻ» ԵՌԱԼԵԶՈՒ ԳԻՐՔ-ԱԼԲՈՄ Գ. Մ. Շիրակի մարզկենտրոնի «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը: Այն լույս է ընծայվել քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Գյումրին ԱՊՀ 2013 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակվելու առիթով եւ ներկայացնում է հանրապետության երկրորդ մեծ քաղաքի պատմա-ճարտարապետական, մշակութային հարուստ ժառանգությունը, նրա հայտնի մարդկանց եւ զբոսաշրջային գրավչությունները: Շնորհանդեսին ներկա են եղել քաղաքային եւ մարզային իշխանության, Գյումրու մտավորականության ներկայացուցիչներ, այստեղ այցելած հունական Սալոնիկ քաղաքի պատվիրակության անդամները` քաղաքապետ Յաննիս Բուտարիսի գլխավորությամբ: Նման մի հրատարակության անհրաժեշտությունը Գյումրիում վաղուց էր զգացվում: «Գյումրի» եռալեզու գիրք-ալբոմը հրատարակվել է պետական միջոցներով, հինգ հազար օրինակ տպաքանակով, տեղի «Էլդորադո» հրատարակչությունում: Գրքույկը լավ նվեր կարող է լինել քաղաքի հյուրերին ու բոլոր այստեղ այցելողներին: |