RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ»

Վ. Ա.

ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Երեւանում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այդ առթիվ Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ Բակո Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել:

Այդ համատեքստում նա դիտել է տվել ԵԱՀԿ Բուդապեշտի (1994թ.) գագաթաժողովի նշած` բանակցությունների ձեւաչափը վերականգնելու անհրաժեշտությունը: Խոսքն այն մասին է, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում խաղաղ ճանապարհով ԼՂ խնդիրը կարգավորելու հորդոր արված է «հակամարտության բոլոր կողմերին», այսինքն` Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, որ նույն տարվա` 1994թ. մայիսին ստորագրել են զինադադարի համաձայնագիր:

Պաշտոնական Բաքուն Կոժարա-Սահակյան հանդիպման փաստին անդրադարձել է միայն երեկ` ԱԳ խոսնակ Էլման Աբդուլլաեւի մակարդակով: Ըստ այդմ, «գտնվելով Բաքվում, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպում է ունեցել նաեւ ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» (չակերտները մերն են- Վ. Ա.) հետ եւ բնական է, որ Երեւանում էլ պետք է հանդիպեր «հայկական համայնքի ներկայացուցիչների» (չակերտները մերն են- Վ. Ա.) հետ»:

Բանն այն է, սակայն, որ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքվում հանդիպումների մասին ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական եւ «հարակից» տեղեկատվական հոսքերում ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»- Կոժարա ձեւաչափով «բանակցությունների» մասին խոսք անգամ չի եղել: Երեկ մենք «քրքրեցինք» ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների այն օրերի արխիվները եւ դարձյալ նման տեղեկատվության չհանդիպեցինք:

Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ԵԱՀԿ գործող նախագահին վերագրում է հանդիպում, որ վերջինս չի՞ անցկացրել, թե՞ Ուկրաինայի արտգործնախարարն, այնուամենայնիվ, Բաքվում հանդիպել է ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ», բայց այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ երեւույթին, հայկական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով փորձի գտնել այս հարցի պատասխանը: Քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը «հավասարության նշան է դրել» ԼՂՀ օրինավոր ընտրված իշխանությունների եւ մի «կառույցի ներկայացուցիչների» միջեւ, որն Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցված է որպես... «հասարակական կազմակերպություն»:

Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն իրեն թույլ է տվել յուրովի «մեկնաբանելու» Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահի ասածը, որ Ուկրաինան «պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ շփումներին»: Ադրբեջանցի դիվանագետի «բացատրությամբ»` Լեոնիդ Կոժարան «նկատի է ունեցել ԼՂ «ադրբեջանական եւ հայկական համայնքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) միջեւ երկխոսության անհրաժեշտությունը»:

Թեման զարգացրել է Ադրբեջանի փորձագիտական հանրությունը` անշուշտ հրահանգավորված լինելով Իլհամ Ալիեւի աշխատակազմից: Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ «տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված նախաձեռնություններից մեկը Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական եւ հայկական համայնքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) մերձեցումն է, բայց, ինչպես հայտնի է, հայկական ղեկավարությունը, բացի այն, որ խոչընդոտում է նորացված Մադրիդյան սկզբունքների համաձայնեցմանը, ամեն կերպ արգելափակում է նաեւ «երկու համայքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) ներկայացուցիչների հանդիպումները»:

Թե ինչ նպատակ են հետապնդում պաշտոնական եւ փորձագիտական մակարդակներում արվող այս նենգափոխումները` դժվար չէ նկատել: Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն պարզապես չկա: Եվ միջնորդական որեւէ առաքելություն այնտեղ ի սկզբանե հանդիպում է կոշտ հակազդեցության: Բայց որպեսզի գտնվի «արդարացում», ադրբեջանական կողմը դիմում է «օկուպացիոն ուժերը դուրս բերելու» կամ «երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ շփումներ հաստատելու» մասին հնարանքներին, որպեսզի այդ կերպ «գնդակը հեռացնի սեփական կիսադաշտից»:

Թերեւս իրոք վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ-ի հովանու ներքո միջնորդություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահությունը հստակ հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիիրավ կողմ է, եւ Ադրբեջանը, ԼՂՀ հետ ստորագրելով զինադադարի համաձայնագիր, 1994թ.-ին ճանաչել է այդ իրողությունը: Ուստի եթե կա կողմերի միջեւ վստահության հաստատման անհրաժեշտություն, իսկ դա կա, ապա պետք է բոլոր կարգի քննարկումներում առանձնացնել Բաքու-Ստեփանակերտ ուղղակի շփումների անհրաժեշտությունը: Այլապես Ադրբեջանի «երկհամայնքային երազանքները» կարող են լրջորեն վտանգել խաղաղ կարգավորման ջանքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ