RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1014, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՇԻՐԱԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում երեկ «Շիրակը» հյուրընկալել էր Բելգրադի «Պարտիզանին»: Թեեւ բուքմեյքերները հաղթողի հիմնական հավակնորդ էին համարում հյուրերին, սակայն խաղն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, որոնք շատ մոտ էին հաղթանակին:

Առաջին խաղակեսում շիրակցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին հյուրերի դարպասին: Հիշարժան էր 33-րդ րոպեն, երբ Դամե Դիոպը հայտնվեց դարպասի դիմաց: Սակայն դարպասը գրավելու նրա երեք փորձերն էլ ապարդյուն անցան: Երկու անգամ էլ Ֆոֆանա Բեկոն փորձեց գլխի հարվածով բացել հաշիվը, սակայն մի փոքր շեղ ստացվեց:

«Պարտիզանի» ֆուտբոլիստներն առանձնակի դժվարություններ չստեղծեցին շիրակցիների համար, որոնք այս խաղում բավականին ակտիվ էին գործում եւ հուսալիորեն պաշտպանվում: Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում «Շիրակը» վերջապես հասավ հաջողության: Անդրանիկ Բարիկյանի փոխանցումից հետո Ֆոֆանա Բեկոն հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Վրա հասած Դավիթ Հակոբյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Ոգեւորված հաջողությունից, շիրակցիները շարունակեցին գրոհները, փորձելով պատասխան խաղից առաջ ամրության ավելի մեծ պաշար ստեղծել: 65-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն հաջող խաղաց հյուրերի դարպասապահը: Իսկ ահա Դամե Դիոպի երկրորդ հարվածը բարձր ստացվեց:

Հանդիպման վերջին 10 րոպեներն անցան հյուրերի վտանգավոր գրոհներով, որոնք ամեն կերպ փորձում էին խուսափել պարտությունից: «Պարտիզանը» նպատակին կարող էր հասնել 84-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո հյուրերի հարձակվողը մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Բարեբախտաբար, Արթուր Հարությունյանը փրկեց դրությունը: Քիչ անց, կրկին տուգանայինի խաղարկումից հետո, Գեւորգ Հովհաննիսյանին հաջողվեց գնդակը հանել անկյունային: Բայց «Պարտիզանի» ֆուտբոլիստներն ի վերջո հասան իրենց նպատակին: Ավելացված ժամանակում Վլադիմիր Վոլկովը վերականգնեց հավասարակշռությունը:

Այսպես «Շիրակը», որն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ուներ եւ կարող էր մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, ձեռքից բաց թողեց այնքան կարեւոր հաղթանակը: Եվրոգավաթներում հանդիպման վերջին րոպեներին գոլ բաց թողնելը կարծես տխուր ավանդույթ է դառնում: Նման իրավիճակում էին հայտնվել նաեւ «Փյունիկն» ու «Միկան»:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») - Այսօր «Շիրակն» իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց, որի համար շնորհավորում եմ ֆուտբոլիստներին: Գոհ եմ նրանց կատարած աշխատանքից: Կարծում եմ, որ հաշիվն օրինաչափ չէր: Գոլային պահերով մենք գերազանցեցինք մրցակցին, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Գոլ խփելուց հետո տղաները մի տեսակ արգելակվեցին, ինչի արդյունքում, ի վերջո, պատժվեցինք: Ես փորձում էի տղաներին դուրս բերել պաշտպանությունից, հակառակորդին դիմավորել նրանց կիսադաշտում: Կարող էինք կրկնապատկել հաշիվը, բայց փոխարենը վերջին պահին գոլ բաց թողեցինք: Չէի ասի, թե մրցակիցը մեզ անակնկալներ մատուցեց: Նրանք շատ վտանգավոր էին, երբ կենտրոնում խլում էին գնդակն ու առաջ նետվում: Կփորձենք ագրեսիվ խաղալ պատասխան խաղում, քանի որ 0-0 հաշիվը մեզ չի բավարարում:

Վուկ Ռաշովիչ («Պարտիզան») - Ինչպես եւ սպասում էինք, բարդ հանդիպում ստացվեց: Բավարարված եմ միայն հանդիպման արդյունքով: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալներ թույլ տվել, որպեսզի կարողանանք պատրաստվել պատասխան հանդիպմանը: Հուսով եմ, որ մեկ շաբաթ անց, սեփական հարկի տակ ավելի հաջող կխաղանք: «Շիրակին» շնորհակալություն եմ հայտնում հիանալի խաղի համար: Մենք չէինք թերագնահատել մրցակցին եւ լրջորեն էինք մոտեցել հանդիպմանը: Երկրորդ խաղակեսում ավելի հարձակողական ֆուտբոլ խաղացինք եւ կարողացանք խփել պատասխան գոլը: Սա մեր առաջին խաղն էր, իսկ դա միշտ բարդ է ստացվում: «Պարտիզանի» այսօրվա կազմը շատ երիտասարդ է: Ես հավատում եւ վստահում եմ իմ թիմին, եւ, վստահ եմ, որ կհասնենք լավ արդյունքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ