«2,5-3 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԳՈՎԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին անդրադարձավ Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) այս տարվա կանխատեսումների եւ ցուցանիշների մասին, նշեց, որ հաշվի առնելով գլոբալ տնտեսական վիճակը, 2,5-3 տոկոս տնտեսական աճ ապահովեը Հայաստանի համար չափազանց գովելի է: Նրա հավաստմամբ, այս ցուցանիշով Հայաստանի հետ համադրելի երկրները զգալիորեն հետ են մնում: Ըստ ՎԶԵԲ նախագահի, Հայաստանի նախագահի եւ կառավարության կողմից 6-7 տոկոս տնտեսական աճի պահանջ դնելը հավակնոտ է, ինչը պետք է ձգտել իրականացնել: Այդուհանդերձ, Եվրոբանկի կանախատեսումներով, այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 տոկոս: Այս կանխատեսումը կատարվել է մայիսին, առանց հաշվի առնելու գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Նոր կանխատեսում կարվի հոկտեմբերին: ՎԶԵԲ-ի գնահատմամբ, այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանը լավ ցուցանիշներ է ցույց տվել, իսկ 2-րդ եռամսյակին էներգակիրների գնի բարձրացումը լուրջ հարված հասցրեց այդ աճին: Սումա Չակրաբարտին նաեւ նշեց, որ բանկի հետ համագործակցող բոլոր երկրներում տնտեսական վիճակը ավելի վատ է, եւ մեկ երկրում` Ուկրաինայում այս տարվա համար իրենք տնտեսական անկում են կանխատեսել: Սակայն մամուլի ասուլիսը ՎԶԵԲ նախագահը սկսեց Հայաստան իր այցելության նապատակների մասին խոսելով: Դրանք երկուսն են` նշելու Հայաստանի հետ Եվրոբանկի համագործակցության 20 տարվա ժամանակահատվածը եւ քննարկելու առաջիկա անելիքնեը: Սումա Չակրաբարտիի հավաստմամբ, ՎԶԵԲ-ը անցած 20 տարիներին Հայաստանի հետ լավ համագործակցություն է ունեցել: Այդ ընթացքում Եվրոբանկը Հայաստանում ներդրել է 1 մլրդ դոլար, որով իրագործվել են մոտ 120 նախագծեր: Ներդրված գումարի 90 տոկոսը հատկացվել է մասնավոր հատվածին` հիմնականում ֆինանսական հաստատություններին` փորք եւ միջին բիզնեսին վարկեր տրամադրելու համար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս 120 մլն դոլար ներդնել Հայաստանում: Սումա Չակրաբարտին տեղեկացրեց, որ նույն օրը բանկը 7 մլն դոլար է տրամադրել «Երեւան Ջուր» ընկերությանը ջրակորուստների նվազեցման եւ ջրի որակի բարձրացման համար: Եվս 7 մլն դոլար արդեն դրամաշնորհ էլ տրամադրվելու է այս նպատակով ԵՄ-ից: Այս գումարների տրամադրումը եւ իրականացվող ծրագրերը թույլ կտան նաեւ կանխել ջրի սակագնի բարձրացումը առաջիկայում: Ըստ Եվրոբանկի նախագահի, երկու հիմնական խնդիր կա, որտեղ բանկի եւ Հայաստանի կառավարության եւ գործընկերների կարծիքները համընկնում են` տնտեսական աճը պետք է շարունակվի եւ բիզնես միջավայրի բարեփոխումը պետք է շարունակվի: Եվրոբանկը կաջակցի այս երկու ուղղություներով էլ: Սումա Չակրաբարտին նշեց, որ Հայաստանի գործարար միջավայրը բարելավվել է, բայց կոռուպցիայի ցուցանիշը դեռ բարձր է: Ուստի Եվրոբանկը կաջակցի` ֆինանսավորելով համակարգային փոփոխությունները: Մասանավոր հատվածին ուղղված ծրագրերից, բացի «Երեւան ջրին» հատկացվածից, նշվեց շշերի արտադրության «Սարանիս» ընկերության ֆինանսավորումը եւ բանկերի միջոցով էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորումը: Հայաստանում բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի բարձր տոկոսների վերաբերյալ տրված հարցին պատասախանեց Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգը: Նա ասաց, որ վարկերի տոկոսները տեղական արժույթով իրոք բարձր են եւ բարձր տոկոսները հենց ռիսկ են: «Պետք է ուսումնասիրել, թե ինչո՞ւ են դրանք այդքան բարձր, բայց միեւնույն ժամանակ փոքր ծրագրերի ֆինանսավորումը ավելի ծախսատար է», նշեց Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցիչը: |