ՆՈՐՄԱԼ ՈՒ ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված այս օրերի իրարանցումը մեզանում անհասկանալի է, այն պարզ պատճառով, որ տրանսպորտի գինն իրականում չի բարձրացել, միշտ է բարձր եղել: Դատենք միասին եւ տրամաբանորեն. եթե 150 դրամ սակագինը համարվում է թանկ եւ կարող է առաջացնել հասարակական ընդզվում, ապա 100 դրամ սակագինը եւս պետք է համարվեր թանկ եւ պետք է առաջացներ հասարական ընդվզում, ինչը չառաջացրեց: Ուրեմն 150 դրամ սակագինն էլ չի առաջացնի: Հետեւաբարՙ խնդիրը ոչ այնքան տրանսպորտի` առանց այն էլ ոչ հեշտ տրվող սակագնի բարձրացումն է, որքան տեխնիկական է` մի քանի մասի բաժանված: Օրինակՙ եթե մեկը միրգ-բանջարեղենի շուկայում ելակ է վաճառում, դիցուք կիլոգրամը` 300 դրամ, եթե ցանկանում է ավելացնել իր ապրանքի գինը, օրինակ` հասցնելով կիլոգրամը 350 դրամի, պետք է կամ ելակի որակը բարձրացնի, կամ էլ ներմուծի ինչ-որ ծառայություններ, որոնք մինչ այդ չկային: Այսինքնՙ ելակը թանկանում է, բայց փաթեթավորվում է գեղեցիկ տոպրակի մեջ, որը մտնում է ելակի գնի մեջ: Մինչդեռ տրանսպորտի գինը բարձրանում է, բայց տրանսպորտը չի փոխվում. էլի նույն «Գազել»-ներն են լինելու, էլի նույն չվացուցակներով, էլի նույն ծանրաբեռնված կանգառները, որոնք նույն ծանրաբեռնվածությամբ տեղափոխվելու են երթուղայիններ: Բայց այսօրվանից դրա համար վճարելու են ոչ թե 100, այլՙ 150 դրամ: Ի դեպ, Կենտրոնական բանկը կարող է եւ 150-դրամանոց մտցնել շրջանառության մեջ, քանի որ երթուղայինի վարորդ-ուղեւոր դրամաշրջանառությունն այդպես ավելի պրակտիկ ու արագ կդառնա... Քաղաքապետարանը տրանսպորտի գնի թանկացումը չհիմնավորեց գազի սակագնի թանկացմամբ, այլ` ոլորտում տարիների ընթացքում առաջացած ու իրենց լուծումները պահանջող խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Այլ կերպ ասած` տրանսպորտը թանկանում է, որովհետեւ ոլորտը կարիք ունի արդիականացման: Ինչպես` մետրոն, օրինակ: Հիշում ենք, 2011-ին` երկու տարի առաջ, մետրոյի սակագինը թանկացավ, քանի որ մետրոպոլիտենը արդիականացման կարիք ուներ: Պետք է ասենք, մետրոպոլիտենը շարունակում է արդիականացման կարիք զգալ, կան կայարաններ, որտեղ շարժասանդուղքները արդեն տեւական ժամանակ անսարք վիճակում են կամ միշտ վերանորոգման մեջ: Մետրոն եթե արդիականանում է, ապա շատ դանդաղ, հետեւաբար, տրանսպորտը եւս` իր ավելացված սակագնով, շատ դանդաղ է արդիականանալու, եթե, իհարկե, արդիականանա: Ուրեմն մեր խնդիրը ոչ թե տրանսպորտի սակագնի բարձրացումն է, այլ տրանսպորտի ոլորտի արդիականացումը: Եթե տրանսպորտի գինը բարձրանում է, որպեսզի տրանսպորտի ոլորտն արդիականանա, դա նորմալ է, բայց երբ ոլորտն այդպես էլ չի արդիականանում, դա նորմալ չէ: Վերջին տասը տարում տրանսպորտի անսասան գինը պետք է բարձրանար եւ բարձրացավ, պարզապես մեր երկրում մեր քաղաքացիները այնքան չեն վաստակում, որ նորմալ վերաբերվեն այս բավականին նորմալ երեւույթին: Եվ սա է ամենակարեւոր խնդիրը: |