ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՀԱՓՈՐՁ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ Եգիպտական «Ալ Յոում աս Սաբաա» թերթը հաղորդում է, որ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո իսլամիստները երկու անգամ մահափորձ են կատարել պաշտպանության նախարար, գեներալ Աբդել-Ֆաթահ աս Սիսիի դեմ: Առաջին մահափորձը կատարվել է անցյալ շաբաթ Էլ Արիշայի օդանավակայանում (Սինայի թերակղզու հյուսիս), ուր գաղտնի այցով պետք է ժամաներ աս Սիսին: Իսլամիստ գրոհայինները գնդակոծել են C-130 օդանավըՙ ենթադրելով, թե պաշտպանության նախարարն այնտեղ է: Սակայն այդ օդանավում կային միայն եգիպտական բանակի զինծառայողներ: Երկրորդ մահափորձը ձեռնարկվել է երկուշաբթի օրըՙ հուլիսի 15-ին, երբ աս Սիսին պետք է նախագահական պալատ ժամաներ նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի հետ խորհրդակցելու: Մի բարձրաստիճան պաշտոնյա հիշյալ թերթի խմբագրությանը հայտնել է, որ մահափորձը եղել է անհաջող, չնայած գրոհայինները հանրապետական պահակազորի համազգեստ էին հագել եւ զինված էին արդիական զենքով: Պաշտոնյան վստահ է, որ երկու մահափորձերն էլ կազմակերպել է «Մահմեդական եղբայրներ» շարժումը: Հրապարակման մեջ նաեւ ենթադրություն է արվում, թե մի քանի օր առաջ Սուեզ քաղաքի մոտակայքում կալանված «Գրադ» հրթիռները նախատեսված են եղել կառավարական հիմնարկների, մասնավորապես պաշտպանության նախարարության, գնդակոծումների համար: Պաշտոնյան հայտնել է, որ չնայած մահափորձերինՙ գեներալ աս Սիսին սեփական անվտանգության ապահովման արտակարգ միջոցներ չի ձեռնարկում, շարունակում է ամեն առավոտ վազել եւ սպորտով զբաղվել, պահպանելով եգիպտական բանակի մարտական ոգին: |