ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ Վ. Պ. Արցախի ԱԳՆ-ն 20 տարեկան է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի», Ստեփանակերտում ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : «Այդ նպատակով մենք համատեղ եւ հետեւողական ջանքեր ենք գործադրում», վստահեցրել է Նալաբնդյանը, ավելացնելով, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկն է: ԱԳՆ հաղորդագրութան համաձայն, Ստեփանակերտ մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ներկայացրել նրան հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները, զրուցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջը: ԼՂՀ արտգործնախարարությունում Նալբանդյանը հանդիպել է նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների եւ նախարարության աշխատակիցների հետ: Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբՙ նախարար Նալբանդյանը նշել է, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը: ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, որտեղ իր ելույթում հիշեցրել է, որ անկախ Արցախի արտգործնախարարությունը հիմնադրվեց պատերազմի պայմաններում: «Երկու տասնամյակ անց խաղաղ, գեղատեսիլ եւ բարեկարգ Ստեփանակերտում այս գեղեցիկ սրահում, այսքան տոնական տրամադրությամբ նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-րդ տարեդարձը», նշել է Նալբանդյանը: Նալբանդյանի խոսքերով, Արցախի պետականության ակունքներում արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության բանակին զուգահեռ, պայքար է տարել արտաքին ճակատումՙ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: «Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները», ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարը: |