RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1340, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԲԱՔՈՒ ԷՐ ՏԱՐԵԼ ԱՄՆ «ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ՞ ՈՒՂԵՐՁԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Զերկալո»-ի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին մշտապես բնակվում է Ստամբուլում: Համենայն դեպս, այդպես են ասում նրա որոշ գործընկերները, որ երբեմն վիճարկում են ադրբեջանական լրագրության «մեթրի» այս կամ այն տեսակետը: Դա, սակայն, չի խանգարում, որ Միրկադիրովը համառորեն շարունակի սեփական դատողությունները «հիմնավորել Անկարայում դիվանագիտական աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններով»:

Անդրադառնալով Բաքվում Ահմեդ Դավութօղլուի կողմից օրերս հնչեցրած մտքին, որ «Թուրքիան պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերելու Կովկասում խաղաղության հաստատմանը, որի ճանապարը Լեռնային Ղարաբաղի «ազատագրումն է օկուպացիայից» (չակերտները մերն են- Վ. Ա.) եւ խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Միրկադիրովը երեկ կարծիք է հայտնել, որ «Թուրքիայի բարձրաստիճան պետական գործիչների շուրթերից այդ բովանդակությամբ հայտարարությունների հաճախականության մեծացումը ինչ-որ տեղ հանրային կարծիքի նախապատրաստում է իրադարձությունների անխուսափելի զարգացմանը»:

Մեկնաբանն այնուհետեւ, դարձյալ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներ, «բացահայտել է իրադարձությունների անխուսափելի զարգացման գաղտնիքը»: Նրա «իրազեկվածությամբ»` պատահական չէ, որ Դավութօղլուն եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը «ունիսոն դժգոհություն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ից», քանի որ «լուրջ նախապատրաստություն է ընթանում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում կազմակերպելու քառակողմ` ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում»:

«Զերկալո»-ի հեղինակի գնահատմամբՙ «այդ հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա նախագահական (Ադրբեջանում-Վ. Ա.) ընտրություններից հետո, նախապատրաստական փուլ է լինելու»: Ամենաինտրիգային «տեղեկությունը», որ փոխանցել է Միրկադիրովը, այն է, որ, իբր, «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է անձնական մասնակցությամբ հասնել ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական տեղաշարժերի, եւ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքման իրական տարբերակներ, ինչը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ազդակ»:

Ընդ որում, ինչպես ասել են «դիվանագիտական աղբյուրները, նախնական ուրվագծումները (ԼՂ հարցի կարգավորման- Վ. Ա.) արդեն ներկայացվել են ադրբեջանական ղեկավարությանը, բայց աղբյուրները չցանկացան բացել այդ առաջարկությունների էությունը»: Ամփոփելովՙ «Զերկալո»-ի մեկնաբանը «վստահեցրել է, որ այսպիսով խոսքը վերաբերում է ոչ թե գոյություն ունեցող ձեւաչափից (ԵԱՀԿ ՄԽ համանախագահության- Վ. Ա.) ֆորմալ հրաժարմանը, այլ գոյություն ունեցող ձեւաչափի ներսում սեպարատ բանակցային խմբի ձեւավորմանը, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ եղել է»: Եվ, իբր, այդ մասին «պայմանավորվածություններ ձեռք են բերվել պետքարտուղար Քերրիի` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումների ընթացքում» (Միրկադիրովից արված բոլոր մեջբերումները տես http://www.zerkalo.az/2013/ssha-predlagayut-provedenie-chetyirehstoronney-vstrechi):

Այսպիսով, ադրբեջանցի մեկնաբանը նկատել է տալիս, որ`

- կա գոյություն ունեցող ձեւաչափի ներսում սեպարատ բանակցային խումբ ձեւավորելու պայմանավորվածություն,

- նախաձեռնությունը բխել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից,

- նախամշակվել են ԼՂ խնդրի կարգավորման «ճեղքումային» տարբերակներ,

- դրանք արդեն իսկ ներկայացվել են ադրբեջանական ղեկավարությանը:

Հատկապես «ուշագրավ է» վերջինը, քանի որ Միրկադիրովի «բացահայտումներն» արված են Դավութօղլուի Բաքվի հայտարարության համատեքստում, ինչից հնարավոր է եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում «ճեղքում նախատեսող իրական տարբերակներն ադրբեջանական ղեկավարությանն են փոխանցվել» Թուրքիայի արտգործնախարարի կողմից: Բայց եթե «գործընթացի կնքահայրը» Միացյալ Նահանգներն է` ի դեմս պետքարտուղար Քերրիի, ապա ստացվում է, որ Դավութօղլուն Բաքու է «տարել ԱՄՆ պետքարտուղարի՞ ուղերձը»:

Սույն «մեկնաբանության» ողջ իդիոտիզմն այն է, որ «Անկարայի դիվանագիտական աղբյուրները» Ռաուֆ Միրկադիրովին ոչինչ չեն ասել, թե ո՞վ եւ ե՞րբ է «Հայաստանի իշխանություններին փոխանցել նախամշակված «ճեղքումային իրական տարբերակները», եւ ո՞րն է պաշտոնական Երեւանի արձագանքը»:

Տեղեկատվական պատերազմը, որ Ադրբեջանը մղում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ, իհարկե, պետք է որ ներառի նաեւ «Անկարայի դիվանագիտական աղբյուրների» մասնակցությունը, բայց մի՞թե Բաքվում այն աստիճան են իրենց «բարձրությունից» գլորվել ավելի ու ավելի ցած, որ կարծում են, թե ռաուֆմիրկադիրովյան «մակարդակի վերլուծություններով» կարող են ինչ-ինչ «խնդիրներ լուծել»: Իրավիճակը հիշեցնում է արցախյան տարածված անեկդոտը. երբ տղան ասում է, որ շուտով կամուսնանա, բայց դեռ կողմերից մեկն է համաձայն` նկատի ունենալով իհարկե իրեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ