ՄԵՐԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ԱՆՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մ. Բ. Մերլին Մոնրոյի մինչ այժմ չցուցադրված լուսանկարների, որոնք շուտով կներկայացվեն աճուրդային վաճառքի, հեղինակըՙ հանրահայտ Միլթոն Գրինը, արտիստուհու մտերիմ ընկերն է եղել, եւ ոչ միայն: Նրանք միասին հիմնել են պրոդյուսերական ոչ մեծ ընկերությունՙ թողարկելով մի քանի ժապավեն, որտեղ Մերլինը գլխավոր դերերն էր կատարում: Լուսանկարիչն ու իր ընտանիքը արտիստուհու կյանքի տարբեր շրջաններում սատարել են նրան: Մերլինը մի քանի անգամ հյուրընկալվել է Գրիններիՙ Կոննեկտիկուտի տանը, մինչեւ հայտնի դրամատուրգ Արթուր Միլլերի հետ ամուսնության պատրաստվելը: Նրանք իրոք մտերիմներ են եղելՙ բարեկամական հարաբերությունների մեջ, ավելինՙ Միլթոնը եղբայրական ջերմ զգացումներ է տածել չափից ավելի կանացի հմայքի տեր այս էության հանդեպ եւ կարողացել է ավելի խորքից ճանաչել ու զգալ նրան: Այս երեւույթը նրա լուսանկարչական օբյեկտիվին հնարավորություն է տվել առավել անկաշկանդ ստեղծելու արտիստուհու կերպարը տարբեր իրավիճակներում: Իրենց մտերմության չորս տարիների ընթացքում Գրինը ստեղծել է հոլիվուդյան լեգենդի ավելի քան 50 լուսանկար, որոնցում սեքս-սիմվոլ համարվող հանրահայտ աստղը ներկայացված է նաեւ միանգամայն անհայտ կողմերով: Լուսանկարչին հաջողվել է բացել նրա կերպարի փխրուն, խոցելի, նույնիսկ անմեղ գծերը: Այդ լուսանկարները անցնող տարիներին ներկայացվել են մասնակիորեն եւ մի զգալի մասը փաստորեն անհայտ է: Այս առումով նրա արխիվը եզակի եւ անգնահատելի է համարվում, որն ինքնին ենթադրում է կոմերցիոն վերաբերմունք: Լուսանկարների վաճառքը կայանալու է հուլիսի 27-ին, Կալիֆոռնիայում, «Profiles in History» աճուրդի տանը: Լուսանկարներից բացի ներկայացվելու են նաեւ բազմաթիվ նեգատիվներ: |