ԱԲՐԱՀԱՄԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ՇՏԻԳԼԻՑԻ ՀԵՏ Չի բացառվում, որ Արթուր Աբրահամը 3-րդ անգամ մենամարտի WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ Արթուրը հաղթանակով ավարտի օգոստոսի 24-ին նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ կայանալիք մենամարտը: Այդ դեպքում նա կարող է դառնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ, քանի որ WBO-ի վարկանիշային աղյուսակում ներկայումս 4-րդ տեղում է: Բանն այն է, որ վարկանիշային աղյուսակը գլխավորող Ջորջ Գրուվսը հաջորդ մենամարտը կարող է անցկացնել IBF-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Կարլ Ֆրոչի հետ: 2-րդ տեղում ընթացող Լուչիան Բետեն վնասվածք ունի, իսկ լավագույն եռյակը եզրափակող Ջեյմս Դեգեյլը խնդիրներ ունի պրոմոութերական ընկերության հետ: Այնպես որ Աբրահամ-Շտիգլից մենամարտի կայացման հավանականությունը մեծ է: Հիշեցնենք, որ 2012-ի օգոստոսի 25-ին Արթուրը Բեռլինում միավորներով հաղթել էր Շտիգլիցինՙ նրանից խլելով աշխարհի չեմպիոնի գոտին: Իսկ այս տարվա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում անցկացված մենամարտում Շտիգլիցը ռեւանշի հասավ ու վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտն ընդամենը 3 ռաունդ տեւեց: Աբրահամը աչքի լուրջ վնասվածք էր ստացել, ուստի մրցավարը թույլ չտվեց նրան շարունակելու մենամարտըՙ պարտություն գրանցելով հայ բռնցքամարտիկին: |