ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ Փոթիում ընթացող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկության 7-րդ տուրն անհաջող դասավորվեց A մրցաշարի առաջատարներից մեկիՙ Գեւորգ Հարությունյանի համար, որը պարտվեց Լեւան Պանցուլայային: Անհաջողության մատնվեց նաեւ Լեւոն Բաբուջյանը, որը զիջեց Լուկա Պայչաձեին: Իսկ ահա Սեդրակ Մաթեւոսյանը հաղթելով Իվերի Չիխլաձեին, վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով 3-րդ տեղում է ընթանում Գեւորգ Հարությունյանը: Բաբուջյանը 4,5 միավորով 10-րդ տեղում է: 6-ական միավորով առաջատարներն են Լեւան Պանցուլայան եւ Լուկա Պայչաձեն: B խմբի մրցաշարում Մամիկոն Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղալով Լեւան Բերայաի հետ, վաստակեց 5,5 միավոր: Նա մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Իրակլի Կելեպտիշվիլուն: 4,5-ական միավոր ունեն Արմեն Հարությունյանն ու Էդմոնդ Խաչատրյանը: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հայերից լավագույնը Արտաշես Առաքելյանի ելույթն է, որն ունի 4,5 միավոր: Նա պարտվեց Նիկա Խվադագիանիին: 5,5 միավորով առաջատարներն են Ցոտնե Մամուլայշվիլին, Մատե Թոդաշվիլին եւ Նիկա Խվադագիանին: Մինչեւ 10 տարեկանների մրցավեճում հայ պատանիներից առավել հաջող ելույթ է ունենում Արման Գրիգորյանը, որն ունի 4,5 միավոր: 7-րդ տուրում նա հաշտություն կնքեց Նիկա Կեւլիշվիլու հետ: Այստեղ առաջատարը 6,5 միավոր վաստակած Մանի Ջահեդին է: Մինչեւ 8 տարեկանների մրցաշարում Հայկ Գրիգորյանը 3,5 միավորով 22-րդ տեղում է: Առաջատարը 6 միավոր վաստակած Գեորգի Ջիքիան է: |