RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-22 23:11:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1643, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԵՐԵՎԱՆ ԵԿՈՂ ՀՂԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մինչ Երեւանում ու տարբեր մարզերում քննարկում են ծննդօգնության հավաստագրի տեղայնացման որոշումը, Գորիսի հիվանդանոցում ուրախությամբ հիշում են, որ ընդունել են անգամ Ղազախստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Իտալիայից, Հոլանդիայից ու Ֆրանսիայից ժամանած օտարերկրացիների ծննդաբերություններ: «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում իրենց հիվանդանոցում ծննդաբերել է 17 օտարերկրացի:

Ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման մասին առողջապահության նախարարի հրամանը Գորիսի հիվանդանոցի վրա շատ չի ազդել, քանի որ, ըստ տնօրենի, ունեն ե՛ւ բավարար պայմաններ, ե՛ւ մասնագիտական բավարար ներուժ, իհարկե լինում են դեպքեր, երբ հարկ է լինում մարզից ուղեգրել Երեւանի 3-րդ մակարդակի հիվանդանոց, բայց, ընդհանուր առմամբ, մայիսի մեկից սկսված տեղայնացման գործընթացը Գորիսում ընդունվող ծնունդների թվի վրա չի ազդել: Իսկ տարեկան կտրվածքով` այստեղ ընդունում են 580 ծնունդ:

Գորիս քաղաքի բուժկենտրոնը, որը համարվում է 2-րդ Բ մակարդակի, վերանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով եւ արդեն վերանորոգված վիճակում բացվել 2010-ին:

Ծննդօգնության հավաստագրի տեղայնացման թեմային, նաեւ բացառություններին, թե ե՞րբ կարող է ծննդկանը պետպատվերով ծննդաբերել իր բնակավայրից հեռու, ասենք, մարզից տեղափոխվել Երեւան, հուլիսի 19-ի ու 20-ի համարներում նույնպես անդրադարձել ենք: Իսկ Գորիսի եւ մարզային եւս երեք հիվանդանոցներ այցելությունը նախաձեռնել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Հիշեցնենք, որ ծննդօգնության հավաստագրի տեղայնացման որոշումը հղի կանանց հնարավորություն է տալիս պետպատվերով ծննդաբերելու միայն իրենց բնակավայրերի հիվանդանոցներում, բայց ոչ բնակավայրերից դուրս` չհաշված որոշ բացառությունները:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն արդարացնում է որոշումը` ասելով. «Մենք փորձում ենք ֆինանսական հոսքերն ուղղել տեղի բուժհիմնարկներ, որպեսզի զարգանան ծննդօգնության նաեւ մարզային հիմնարկները: Արտաշատի կանայք, եթե անընդհատ գան ծննդաբերելու Երեւանում, ապա քիչ կլինի Արտաշատում ընդունվող ծննդաբերությունների թիվը, հետեւաբար կփոքրանա Արտաշատի հիվանդանոցի բյուջեն: Իսկ եթե փոքրացավ բյուջեն, ապա չեն կարող արժանավայել աշխատավարձ տալ բուժաշխատողներին, որոնք արդեն կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ»:

Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ մարզային հիվանդանոցներին տալիս են այնքան գումար, որով հազիվ կարողանում են փակել կոմունալ ծախսերը, վճարել աշխատավարձերն ու գնել դեղորայք, իսկ դրանից հետո այլեւս գումար չեն ունենում, որ սարքավորում ու գույք գնեն. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ են հին ու անորակ Արտաշատի հիվանդանոցի մահճակալները: Պատճառն այն է, որ բյուջեում դրա համար գումար չկա»: (Արտաշատի հիվանդանոցի մասին կարող եք կարդալ «Ազգի» ամսի 19-ի համարում):

Գայանե Ավագյանը մեջբերում է վիճակագրությունից. անցյալ տարի Հայաստանում ծննդաբերությունների 50 տոկոսը եղել է Երեւանում, մյուս 50 տոկոսը` մարզերում, եւ Երեւանում ծննդաբերած կանանց 1/3-ը, որոնք եկել են մարզերից, մեծամասամբ եկել են առանց հիմնավորման:

Ի տարբերություն նախարարության ներկայացուցչի` ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը , դեմ է նախարարի հրամանին, եւ գտնում է` որեւէ խնդիր լուծելու համար այս որոշումն արհեստական մեխանիզմ է. «Պետությունը պետք է կարողանա ստեղծել հիվանդանոցային լավ պայմաններ բոլոր քաղաքներում եւ ստեղծել մի իրավիճակ, որի մեջ հիվանդանոցները կմրցեն իրար հետ»: Պատգամավորը կողմ է, որ յուրաքանչյուր կին ինքն ընտրի, թե ո՞ր հիվանդանոցում է ուզում անվճար հավաստագրով ծննդաբերել. պետք է ազատություն լինի: Տեղայնացման որոշումը, ըստ նրա, չի նպաստելու մարզային հիվանդանոցների զարգացմանը, իսկ պետության միջամտությամբ արհեստականորեն կպահվեն հիմնարկներ, որոնք ի սկզբանե գիտենք, որ չեն կարողանալու զարգանալ. «Եվ որոշումը սահմանափակում է այն մարդկանց համար, ովքեր գումար չունեն, քանի որ գումար ունեցողը, այսպես թե այնպես, ծննդաբերելու է ավելի լավ հիվանդանոցում»: Պարոն Պողոսյանը մտավախություն ունի, որ կանայք բարձրորակ ծննդօգնություն չստանալուց հետո միգուցե՞ չուզենան ունենալ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ երեխային: Որպես պատգամավոր Թեւան Պողոսյանը բարձրացնելու է տեղայնացման որոշման` իրականությանը չհամապատասխանելու հարցը:

Որոշումից ընդամենն անցել է 2,5 ամիս, ինչը դեռ բավարար չէ տեսնելու համար տեղայնացման դրական ու բացասական հետեւանքները, իսկ առայժմ փաստերը ցույց են տալիս` Երեւան եկող հղիների թիվը նվազում է:

Նկար 1. «Գորիս» բուժկենտրոնը

Նկար 2. Մայրը նորածնի հետ Գորիսում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ