ՄՈՒՐԱԴ-ՀՈՊԿԻՆՍ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի եւ անվանի ամերիկացի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոպկինսի մենամարտը կկայանա հոկտեմբերի 19-ին ամերիկյան Ատլանտիկ Սիթիում: Այդ մենամարտում կվիճարկվի Հոպկինսին պատկանող IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Այս մասին հայտարարել է Golden Boy պրոմոութերական ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Շեֆերը: Ինչպես հայտնել էինք, 2 բռնցքամարտիկների մենամարտը նախատեսված էր հուլիսի 13-ին Նյու Յորքում: Կարո Մուրադն արդեն սկսել էր նախապատրաստվել մարզական իր կարիերայի ամենավճռորոշ մենամարտին, սակայն ամերիկյան իշխանությունները նրան մուտքի վիզա չէին տրամադրել: Այն ժամանակ Կարո Մուրադը հայտարարել էր, որ լավ է ուսումնասիրել մրցակցին եւ կփորձի օգտագործել վերջինիս սխալներն ու նվաճել IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո նա կցանկանար ռեւանշի հասնել WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նատան Կլեւերլիի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերին վերջինիս հետ մենամարտում Կարո Մուրադը 10-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկվել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում դա Մուրադի միակ պարտությունն էր: 25 մենամարտ հայ բռնցքամարտիկը շահել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Վերջին մենամարտը Կարո Մուրադն անցկացրել է անցյալ տարվա հունիսի 2-ին Դանիայի Հեռնինգ քաղաքումՙ 8-ռաունդանոց մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթելով Սանդրո Սիպրոշվիլուն: Բեռնարդ Հոպկինսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 63 մենամարտերից 53-ում հաղթել է, 6-ում պարտվել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Վերջին մենամարտը Հոպկինսն անցկացրել է այս տարվա մարտի 9-ինՙ միավորներով հաղթելով Կլոդ Տավորիսին: Հուսանք, որ այս անգամ վիզայի հետ կապված խնդիրներ չեն լինի եւ Կարո Մուրադի եւ Բեռնարդ Հոպկինսի մենամարտը վերջապես կկայանա: |