ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ԿՈՒԲԱՆԻՆ» Նոր մրցաշրջանը շատ հաջող է սկսել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: ՌԴ առաջնության 2-րդ տուրում էլ Օզբիլիսը դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ «Կուբանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Տոմին»: «Կուբանը» ՌԴ առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց: Թիմն արդեն 14 խաղ ՌԴ առաջնություններում չի պարտվել: 4 միավորով «Կուբանը» 6-րդ տեղում է: Իսկ Օզբիլիսը 2 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է, որը 3 գոլով գլխավորում է «Սպարտակից» «Ռոստով» տեղափոխված Արտյոմ Ձյուբան: Մոսկվայի «Սպարտակը» 2-րդ հաղթանակը տոնելով «Ուրալի» նկատմամբ (2-0), 6 միավորով գլխավորեց աղյուսակը: Թեեւ Յուրա Մովսիսյանը գոլ չխփեց, սակայն թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը գոհ էր նրա խաղից: Յուրան փոխարինվեց 62-րդ րոպեին: «Ուրալի» կազմում հանդիպմանը մասնակցեցին ՀՀ հավաքականի խաղացողներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը, որոնք 2-րդ խաղակեսում փոխարինվեցին: Անհաջող է մեկնարկել «Կրասնոդարը», որը 2 խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել եւ ընթանում է 11-րդ տեղում: Միակ միավորը թիմը վաստակեց «Ռոստովի» հետ արտագնա խաղում (2-2): «Կրասնոդարի» կազմում Մարկոսը փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում դեղին քարտ ստացավ: |