Ո՛Չ 150 ԴՐԱՄԻՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մայրաքաղաքում անհանգիստ է Մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն էՙ կրքերը չեն հանդարտվում: Հասարակական տրանսպորտի 50 տոկոսով թանկացումն իր հետ բերեց դժգոհությունների մի մեծ ալիք, ինչն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ու թռուցիկների բաժանմամբ: «Free car» ակցիային երեկ միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, դերասաններ, լրագրողներ: Նրանք մեքենաներին փակցրել են «Ո՚չ 150 դրամ»-ին պաստառն ու մարդկանց կենտրոնից անվճար տանում են ծայրամասեր: Բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում շրջում էինՙ վանկարկելով «100 դրամ» եւ կոչ անելով քաղաքացիներինՙ միանալ եւ համընդհանուր պահանջել տրանսպորտի սակագնի իջեցում: Երեկ առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց: Ավելի քան 200 քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ պահանջել են սակագնի իջեցում: Նրանք շեշտել են, որ գծի տերերի պատճառով վարորդները վերածվել են քիլերների ու հաճախ խախտում են օրենքը, միայն թե կարողանան գծի տիրոջ պարտադրած գումարը վճարել: Հետաքրքրական է, բազմաթիվ վարորդներ դեմ չեն արտահայտվում, երբ քաղաքացիները 150 դրամի փոխարեն 100 են վճարում: Երեկ 82 եւ 46 երթուղային տաքսիների վարորդները հայտարարել են, որ իրենք վերադառնում են նախկին սակագնին եւ քաղաքացիներից պահանջելու են 100 դրամ: Ըստ շրջանառվող լուրերիՙ գործադուլ են հայտարարում նաեւ երրորդ համարի ավտոբուսների մի քանի վարորդներ: Այս ամենին լուռ հետեւող եւ սոցիալական դժգոհությունը շոու անվանող քաղաքապետարանում երեկ լուռ էին: Կայքերից մեկին տված հարցազրոււյցում Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը նշել էր, որ իրենք էլ են մտահոգված, եւ քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում է սկսվել, որին մասնակցել են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները: Սակայն քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ տեղի է ունեցել սովորական նիստ, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ, քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ քննարկմանը չի մասնակցել եւ տեղեկատվությանը չի տիրապետում: Ինչեւէ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ, Երեւան» դաշինիքի անդամներն արդեն հայտնել են, որ դեմ են սակագնի թանկացմանը, եւ ամենայն հավանականությամբ հինգշաբթի այդ հարցը կքննարկվի: Հասարակության մեջ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. եթե ավագանին չի հաստատել որոշումը եւ այն չի դրվել ավագանու քննարկմանը, ապա ինչպե՞ս է որոշվել բարձրացնել սակագինը եւ որեւէ տեղ չամրագրված որոշումը կիրառել: Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ եթե շարունակեն նույն ոգով եւ պատրաստակամությամբ, ապա վաղ թե ուշ քաղաքապետարանն ու կառավարությունն ուշադրություն կդարձնեն հասարակական դժգոհությանն, ու տրանսպորտի սակագինը կվերանայվի: Ավելի ուշ քաղաքապետարանում երեկ տեղի ունեցավ Ավագանու իրավական հարցերի խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց սակագների հարցը: Երկար, խառն քննարկումներից հետո նիստն ավարտվեց անարդյունք, որեւէ նոր որոշում չառնվեց: |