RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1363, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Շուրջ մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի հասցեին հնչեցված քննադատությանը, հակադարձել էր, թե «Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում վկայում է երկրում (Ադրբեջանում- Վ. Ա.) ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ»:

Երեկ, մինչդեռ, Իլհամ Ալիեւի աշխատակազմին մոտ կանգնած olaylar լրատվական գործակալությունը, վկայակոչելով «համապատասխան մարմիններում միանգամայն վստահելի աղբյուրների», տեղեկագրել է, որ «Ադրբեջան վերադառնալու դեպքում Ռուստամ Իբրահիմբեկովը կձերբակալվի» (տես http://haqqin.az/news/7725):

Հայտնի կինոռեժիսորի դեմ հարկային մարմինների հետապնդումներն սկսվել են անցյալ տարեվերջին, երբ նա սկսել է քննադատել իշխող վարչախմբին: Իբրահիմբեկովը երկար տարիներ գլխավորում է Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը: Եվ ահա հարկային մարմինները «պարզել են, որ կինեմատոգրաֆիստների միությանը մշակույթի նախարարության կողմից հատկացված 330 000 մանաթ գումարից 267 130-ը կանխիկ հանձնվել է հաշվետու անձանց»:

Մշակույթի նախարարությունը հիշյալ չափով գումար հատկացրել էր, որ կինեմատոգրաֆիստների միությունը կազմակերպի «Արեւելք- Արեւմուտք» կինոփառատոն: Ինչպես կարելի է հասկանալ, Իբրահիմբեկովը կասկածվում է գումարների մեծ մասը կանխիկացնելու եւ «ոչ նպատակային ծախսելու» մեջ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ «կինեմատոգրաֆիստների միությունը խուսափել է 13 000 մանաթ գումարի հարկային պարտավորություններից»:

Հարկային մարմիններն ավարտել են նախնական քննությունը եւ նյութերը փոխանցել գլխավոր դատախազություն: Այնտեղ, սակայն, հրաժարվել են մեկնաբանություններից` ասելով, որ «դա նախաքննության գաղտնիքն է»: Ուշադրություն է գրավում, որ առկա տեղեկատվության մեջ խոսք իսկ չկա Իբրահիմբեկովի հանդեպ հետախուզում հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ Իբրահիմբեկովը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է:

Տպավորություն է ստեղծվում, որ «հարկերից խուսափելու հանգամանքով» հարուցված գործը զուտ քաղաքական է: Իշխող վարչախումբն այդ կերպ հասկացնում է, որ Իբրահիմբեկովը չպետք է հայտնվի Ադրբեջանում: Հակառակ դեպքում նրան սպասում է ձերբակալություն, ապա` կալանք, տեւական «դատաքննություն»: Իսկ մինչ այդ Իլհամ Ալիեւը կհասցնի ավարտել «նախագահական ընտրությունները»:

Ամեն ինչ արվում է, որ ընդդիմությունը իրական այլընտրանք չներկայացնի: Եթե Իբրահիմբեկովը, երկյուղելով ձերբակալությունից, որոշի մնալ Մոսկվայում, ապա ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիեւի «մրցակից» կլինի «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը, որին, ինչպես ամենատարբեր վերլուծաբաններն են վկայում, Ադրբեջանում «այլեւս ոչ ոք չի հավատում»:

Իլհամ Ալիեւը կատարել է իր ընտրությունը` պատրաստվում է ձերբակալել մրցակցին, եթե վերջինս փորձի ոտք դնել Ադրբեջանի սահմանին: Մնում է սպասել, թե ի՞նչ որոշում կընդունի Ռուստամ Իբրահիմբեկովը: Կընդունի՞ նա իրեն արված «առաջարկությունը», թե՞ հավատարիմ կմնա խոստմանը: Իբրահիմբեկովի ոչ այնքան հեռավոր անցյալի կոռուպցիոն գործարքների մասին ադրբեջանական մամուլի գնալով թափ առնող քարոզչությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ադրբեջանական «Վացլավ Հավելի» ձեռքերն, ըստ երեւույթին, այնքան էլ մաքուր չեն:

Եվ նա կգերադասի կյանքի մնացած տարիներն ապահով անցկացնել ինչ-որ տեղ Մոսկվայում կամ Լոս Անջելեսի առանձնատանը, իսկ Իսա Գամբարը եւս մեկ անգամ կխաղա դեռեւս ՊԱԿ-ի ժամանակներից Հեյդար Ալիեւի հեղինակությամբ իրեն վերապահված «արմատական ընդդիմադիրի» իր համար բոլոր առումներով շահավետ դերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ